Մարտի 21–22-ին անցկացվեց երկօրյա խորացված դասընթաց՝ նախատեսված «Խաղաղարար կանայք» ցանցի անդամների համար։ Դասընթացը կազմակերպվել էր ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից և իրականացվեց փորձագետ Անի Կոջոյանի առաջնորդությամբ։
Դասընթացի նպատակն էր աջակցել ցանցին հստակեցնելու իր դիրքավորվածությունը, ձևակերպելու ազդեցիկ ուղերձներ և մշակելու ռազմավարական հաղորդակցության գործնական գործիքակազմ։
Առաջին օրը մեկնարկեց դասընթացի ներկայացմամբ և ակնկալիքների հստակեցմամբ։ Մասնակիցները խորացան դիրքավորվածության էության մեջ՝ քննարկելով առանցքային հարցը․ «Ի՞նչ են խոսում մեր մասին, երբ մենք սենյակում չենք»։ Խմբային աշխատանքի ընթացքում ձևակերպվեցին ցանցի մասին 10 հիմնարար փաստեր, որոնք կարող են դառնալ միասնական և հետևողական դիրքավորման հենք։
Օրվա երկրորդ հատվածում ուշադրությունը կենտրոնացավ ռազմավարական հաղորդակցության վրա։ Մասնակիցները քարտեզագրեցին շահագրգիռ կողմերին, վերլուծեցին նրանց հետ փոխգործակցության առանձնահատկությունները և բացահայտեցին հաղորդակցական առաջնահերթությունները։ Օրը եզրափակվեց քննարկմամբ։
Երկրորդ օրը նվիրված էր միասնական ուղերձներից դեպի տարբերակված ուղերձների անցմանը։ Գործնական աշխատանքների միջոցով մշակվեցին ռազմավարական ուղղություններ և գործողությունների նախնական պլաններ՝ հաշվի առնելով ցանցի առաքելությունն ու ապագա նպատակները։
Դասընթացի ավարտին ներկայացվեցին խմբային աշխատանքի արդյունքները, ամփոփվեցին ձեռքբերումները և նշմարվեցին հետագա քայլերը։
Նման նախաձեռնությունները կարևոր հարթակ են ստեղծում կանանց առաջնորդության, համագործակցության և համակարգված ազդեցության ուժեղացման համար՝ նպաստելով ավելի հստակ, վստահելի և երկարաժամկետ դիրքավորմանը հանրային դաշտում։
Ծրագիրը իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝«Արևելյան գործընկերության երկրների կայունության բարձրացում» ծրագրի շրջանակներում, Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի դրամաշնորհի միջոցով՝ Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսական աջակցությամբ:




