2023 թվականի փետրվարի 10-ից 11-ը կայացավ Tech Ladies Hackathon-ը: Որի նպատակն էր խթանել երիտասարդ աղջիկների ներգրավվածությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ հատուկ ուշադրություն դարձնելով գենդերային հավասարությանը, ինչպես նաև աշխատաշուկայում կանանց մասնակցությանը խոչընդոտող գործոններին և այդ խոչընդոտները հաղթահարելու ուղիներին:
Մինչ հեքեթոնի օրը՝ թիմերը մասնակցել էին դիզայն մտածողության և պրոդուկտի մշակման աշխատարաններին, իսկ Հեքըթոնի 2 օրերին թիմերը մենթորների օգնությամբ ավելի հստակեցրին ու զարգացրին իրենց գաղափարները, որոնցով փորձում են տեխնոլոգիական նորարարական լուծումներ տալ տարբեր ոլորտներում իրենց բացահայտած խնդիրներին։
Մասնակցում էին 9 թիմեր ՀՀ տարբեր մարզերից և Երևանից։
Հաղթող ճանաչվեց EZZRA թիմը, որի գաղափարն էր՝ վիդեոխաղի միջոցով բարձրացնել բնակչության՝ հատկապես դեռահասների պատրաստվածության մակարդակը արտակարգ իրավիճակների պայմաններում։ Բացի բուն խնդրից՝ այս գաղափարով աղջիկները փորձում են նպաստել նաև կանանց մասնագիտության ընտրության հարցում կարծրատիպերը կոտրելուն և խթանելուն կանանց ներգրավմանը աշխատանքային այլ ոլորտներում։
WoWomen եւ WComics թիմերը աջակցություն կստանան Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ ՀԿ-ի կողմից։
WComics – Թիմի գաղափարն է ստեղծել վեբ կայք, որտեղ լինելու են կոմիքսներ կանանց և այն խնդիրների վերաբերյալ, որոնց կանայք բախվում են աշխատաշուկայում:
WoWomen թիմը իր գաղափարով անդրադառնում է աշխատաշուկայում կանանց քիչ մասնակցությանը և այդ խնդրի լուծման հնարավորություններին։ Նրանք ստեղծելու են մի հարթակ, որտեղ փոդքաստների միջոցով ներկայացվելու են տարբեր կանանց պատմություններ, որոնք բախվել են բազում խնդիրների, բայց հաջողություն են գրանցել կարիերայում : «Հաջողության պատմությունները կանանց մոտիվացիան բարձրացնելու, սեփական ուժերի նկատմամբ հավատ ձեռք բերելու և համարձակությամբ գործելու համար են»․ նշում են աղջիկները։
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի մրցանակն ստանում է HayBook թիմը. նրանք ծրագրավորման անվճար դասընթացներ կանցնեն Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում։
Haybook-ի գաղափարն էր՝ ստեղծել օնլայն գրադարան, որտեղ օգտատերերը կկարողանան հասանելի տարբերակով ձեռք բերել իրենց նախընտրած գիրքը հայերեն թարգմանությամբ թե՛ PDF, թե՛ աուդիո տարբերակով: Օնլայն գրադարանից կկարողանան օգտվել նաև տեսողական խնդիրներ ունեցող մարդիկ։
Հեքըթոնի բոլոր մասնակիցները հնարավորություն կստանան «Աշխատաշուկայում կանանց մասնակցության խթանում» ծրագրի շրջանակում անցնելու կարողությունների զարգացման դասընթացներ։
Շնորհավորում ենք հաղթողներին և մաղթում հաջողություններ իրենց գաղափարների իրագործման մեջ։
Ուրախ ենք, որ այս նախաձեռնությունը համախմբեց շուրջ 40 երիտասարդների՝ առաջարկելու նորարարական տեխնոլոգիական լուծումներ՝ գենդերային հավասարության, ինչպես նաև աշխատաշուկայում կանանց մասնակցությանը խոչընդոտող գործոնների և այդ խոչընդոտները հաղթահարելու ուղիների շուրջ:
Նախաձեռնությունն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից Սոլիդարիթի Սենթեր հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող «Աշխատաշուկայում կանանց մասնակցության խթանում» ծրագրի շրջանակում՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հետ համատեղ։
Նկարները կարող եք գտնել ֆեյսբուքյան էջում: