«Հանդիպում 100 տարի անց» բեմականացումը վերսկսում է իր ճամփորդությունը «Ականավոր հայ կանայք՝ հանուն կանանց իրավազորման» քարոզարշավի շրջանակում:
Առաջիկայում նախատեսվում են հինգ միջոցառումներ Հայաստանի տարրբեր մարզերում՝ հետևյալ ժամանակացույցով․
- Մարտի 12, 2022 թ․ – Լոռու մարզ, ք․ Վանաձոր, Ստեփան Զարյանի տուն-թանգարան (Զորյան 24), ժամը՝ 14։00
- Մարտի 19, 2022 թ․ – Արարատի մարզ, ք․ Մասիս, Մասիսի քաղաքային գրադարան (Կենտրոնական հրապարակ), ժամը՝ 14։00
- Մարտի 29, 2022 թ․ – Կոտայքի մարզ, ք․ Չարենցավան, Չարենցավանի Երաժշտական դպրոց (Օղակային 11), ժամը՝ 15։30
- Ապրիլի 08, 2022 թ – Արմավիրի մարզ, ք․ Էջմիածին, Մաչանենց տուն (Շահումյան 36), ժամը՝ 15։30
- Ապրիլի 19, 2022 թ․ – Տավուշի մարզ, ք․ Իջևան, X-Drive անտի-կաֆե (Վալանսի 1), ժամը՝ 16։00
Ներկայացման ժամանակ առաջին դեմքով ներկայանում են 20-րդ դարի ականավոր հայ կանայք՝ Առաջին Հանրապետության կին պատգամավորներ Վարվառա-Վարյա Սահակյանը, Կատարինե Զալյան-Մանուկյանը, Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը, ինչպես նաև գրող-հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչներ Զապէլ Եսայեանն ու Շուշանիկ Կուրղինյանը: Բեմականացումը կանանց իրավունքների պաշտպանության, կանանց իրավազորման, պատմության ու արժեքների, հավասար հնարավորությունների հիմնահարցերի մասին է: Բեմադրությունից հետո ծավալվում է քննարկում կանանց իրավազորման և գենդերային հավասարության կարևորության շուրջ։
Անցյալ տարի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ներկայացումը շրջել է Կոտայքի, Արմավիրի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերում։ Ստորև տեսանյութը պատմում է Կոտայքի մարզում՝ Մասուր արվեստի տանը տեղի ունեցած միջոցառման մասին։
Քարոզարշավը կազմակերպվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) կողմից ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցաբար իրականացվող «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության և հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավային Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային և հարավ-հարավ նախաձեռնություններին» (“Addressing Gender-Biased Sex Selection and Related Harmful Practices in the South Caucasus: Support for Regional, National and South–South Interventions”) ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից:
Բեմականացումը՝ Մուղդուսյան արվեստի կենտրոնի՝ Նաիրյան վոկալ անսամբլի մասնակցությամբ։