Հասարակական ու մշակութային գործիչ, բարերար և բարեգործական նախաձեռնությունների կազմակերպիչ, հայ մտավորականների բարեկամ և մեկենաս:
Իշխանուհի Մարիամ Թումանյանն անարդարության և սոցիալական անհավասարության դեմ պայքարը համարում էր իր կյանքի առաքելությունը: «Ես անջատվեցի իմ շրջանի կանանցից և գնացի ուրիշ ճանապարհով», – գրել է նա իր հուշերում:
Ծնվել է 1870 թվականին Թիֆլիսում, ծագումով Արցախից հայտնի իրավաբան և հասարակական գործիչ Մարկոս Դոլուխանյանի ընտանիքում: Կրթությունը ստացել է Գայանյան դպրոցում, այնուհետև Թիֆլիսի առաջին իգական գիմնազիայում: 17 տարեկան հասակում ամուսնացել է հրապարակախոս, հասարակական գործիչ, «Նովոյե օբոզրենիե» լրագրի խմբագիր Գեորգի Թումանովի հետ:
1895-96 թթ. համիդյան կոտորածների ժամանակ Մարիամ Թումանյանը սեփական միջոցներով գորգագործական արհեստանոց հիմնեց գաղթականների համար` հնարավորություն տալով նրանց արժանապատվորեն հաղթահարելու ճակատագրի փորձությունը: Եղել է Կովկասի հայոց բարեգործական ընկերության Խուդադյան որբանոցի (աղջիկների) կազմակերպիչն ու պատասխանատուն: Նրա ջանքերի շնորհիվ է նախաձեռնվել և կառուցվել Աբասթումանի առողջարանը թոքախտով հիվանդների համար: Հակառակ հոր ընդդիմությանն իրեն նվիրել է Դիլիջանում եղեռնից մազապուրծ երեխաների համար իր հիմնադրած որբանոցին:
«Խեղճ իմ սիրելի հայրիկ, դու մոռացել էիր, որ ես ինքս վեց զավակների մայր էի, ու ուզում էիր, որ քեզ հնազանդվեի, ինչպես մի փոքրիկ աղջիկ: Զավակներս, լավ էիր ասում, բայց այստեղ միայն վեց երեխա էր, իսկ այնտեղ հազարավոր` տանջված, հյուծված, զրկված մոր գգվանքից… Ինչպե՞ս կարող էի ես տատանվել. իհարկե` ոչ»:
Մարիամ Թումանյանն աջակցել է ժամանակի գրողներին, արվեստագետներին: 1902 թվականին Գաբրիել Սունդուկյանի հետ Թիֆլիսում հիմնել է Հայոց դրամատիկական ընկերությունը, մասնակցել Հավլաբարի ժողովրդական թատրոնի ստեղծմանը։ Վճռական դեր է խաղացել մանավանդ Հովհաննես Թումանյանի ստեղծագործական կյանքում. Մարիամ Թումանյանի մեկենասությամբ են հրատարակվել մեծ գրողի մի քանի գրքեր:
Հիմնադրել է «Իշխանուհի Մարիամ Թումանյան և ընկ.» հրատարակչությունը, լույս ընծայել գունավոր պատկերներով մանկական գրքեր՝ հայերեն «Պատկերազարդ այբուբեն»-ը, «Մանկական գրադարան» մատենաշարը: Աշխատակցել է «Աղբյուր», «Մշակ», «Հասկեր» և այլ պարբերականներին: Շարունակել է ազգանվեր գործունեությունը խորհրդային իշխանության հաստատումից հետո, եղել է Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) անդամ, թղթակցել «Կարմիր ծիլեր», «Պրոլետար» թերթերին:
Ա. Հարությունյանի «Երևելի տիկնանց դարը» (Եր., 2005) գրքից: