Skip to main content
Լուրեր

Մեկնարկեց «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի երկրորդ փուլը

Անցյալ շաբաթ տեղի ունեցած երկխոսության միջոցառումներով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ մեկնարկեցինք «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի երկրորդ փուլը։ Հոկտեմբերի 25-ին առցանց, իսկ հոկտեմբերի 27-ին՝ Վանաձորում, ընդհանուր առմամբ վաթսունից ավելի կանայք և տղամարդիկ, այդ թվում՝ տեղական ՔՀԿ-ների, ավագանանիների, խոցելի խմբերի ներկայացուցիչներ, պարզապես ակտիվ կանայք մասնակցեցին «Կանանց քաղաքական մասնակցությունը Հայաստանում» թեմայով քննարկումներին:

«Ծրագրի առաջին փուլի ընթացքում ջանքեր ենք գործադրել տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ներգրավվածությունը մեծացնելու ուղղությամբ։ Լուրջ ներդրում ենք ունեցել ՏԻՄ ընտրություններում գենդերային քվոտայի ներմուծման հարցում։

Այս փուլի ընթացքում էլ շարունակելու ենք մեր աշխատանքը որոշումների կայացման գործընթացում, մասնավորապես՝ տեղական մակարդակում, կանանց ներգրավվածությունը մեծացնելու ուղղությամբ։ Ունենալու ենք շուրջ 15 հանդիպումներ, որոնք կլինեն ներառական, ինչպիսին է այսօրվա հանդիպումը, որոնց ընթացքում կբարձրաձայնվեն խնդիրներ, մարտահրավերներ՝ կապված կանանց քաղաքական մասնակցության հետ, որոնք հետագայում կամփոփվեն  քաղաքականության համառոտագրերում եւ կներկայացվեն որոշում կայացնողներին»,- հոկտեմբերի 25-ի հանդիպումը բացելով՝ ասաց ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը

Հանդիպումների ընթացքում գենդերային փորձագետ Թամարա Հովնաթանյանը ներկայացրեց կանանց քաղաքական մասնակցության առումով աշխարհում եւ Հայաստանում առկա իրավիճակը։

Այնուհետեւ մասնակիցներն առաջադրեցին իրենց հետաքրքրող հարցերը, խոսեցին ՏԻՄ-երում կանանց մասնակցության հետ կապված իրենց դիտարկած խնդիրների մասին, որոնց մի մասը ներկայացնում ենք այստեղ։

Այս տարվա ընթացքում տեղի կունենա երկխսոսության ևս երկու միջոցառում՝ զանգվածային լրատվամիջոցներում կանանց ոչ կարծրատիպային կերպարի ձևավորման թեմայով։

Բարձրաձայնված խնդիրները/առաջարկները

  • Ստեղծել ավագանիներում հաշմանդամություն ունեցող կանանց ներգրավվածության ապահովման մեխանիզմներ․ հեռավար մասնակցության հնարավորություն, տրանսպորտով ապահովման հնարավորություն, նիստերի սրահների մատչելիության ապահովում
  • Կանանց ներգրավվածության արդյունավետության բարձրացում՝ պատրաստվածության մեծացման, կարողությունների զարգացման միջոցով
  • Ավագանու անդամության վճարովի դարձնելու հնավարության քննարկում՝ պատասխանատվության զգացումը, մոտիվացիան և հաշվետվողականությունը բարձրացնելու նպատակով
  • Կանանց, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող կանանց քաղաքական ակտիվության վերաբերյալ կարծրատիպերի դեմ պայքար
  • Աշխատանքային սենյակների տրամադրման խնդիր
  • Հանրային իրազեկվածության բարձրացում ավագանիների գործառույթների, բաց նիստերին մասնակցության հնարավորության մասին եւ այլն

«Կանայք քաղաքականության մեջ 2.0» ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության Լավ կառավարման հիմնադրամի (UK GGF) կողմից և իրականացվում ՄԱԶԾ Հայաստանի կողմից՝ ՕքսԵՋեն հիմնադրամի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ։