Այսօր Երևանում ներկայացվեցին «Պտղի սեռի խտրական ընտրության կանխարգելման 2020-2023 թվականների գործողությունների ծրագրի» շրջանակներում արված աշխատանքների արդյունքները։
Բացման խոսքով հանդես եկան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը և ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը։ Ապա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրեց պետական կառույցների կատարած գործողությունները, որից հետո ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի ծրագրի համակարգող Զարուհի Տոնոյանն անդրադարձավ ՄԱԲՀ բաղադրիչին, որն իրականացվել է ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ։
ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը իր խոսքում կարևորեց ջանքերի համատեղումը ծրագիրն արդյունավետ իրականացնելու հարցում և ուշադրություն հրավիրեց ծրագրի գործողությունների մասնակցային մոնիթորինգի անհրաժեշտության վրա։
«Ծրագրի շրջանակում իրականացված գործողությունները մասն են կազմում այն գործողությունների, որոնք իրականացվում են ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ ուղղված գենդերային հավասարությանը, խտրականության դեմ, կանանց նկատմամբ բռնության դեմ։ Սա կարևոր հարթակ է ջանքերը համատեղելու և մեր ընդհանուր նպատակներին ուղղված ավելի արդյունավետ գործողություններ իրականացնելու համար»։
Միջոցառումն իրականացվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության եւ հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավային Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային եւ հարավ-հարավ նախաձեռնություններին» ծրագրի շրջանակներում` ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության եւ ՄԱԲՀ-ի կողմից։