Արագածոտնի մարզում գործող «Թալին հույս» ՀԿ-ի հանդիպումների սենյակում ջերմ մթնոլորտ էր: Սենյակի մի հատվածում երեխաներն էին խաղում, մյուս հատվածում կանայք, ովքեր վերապատրաստումների առաջին օրերին միմյանց հետ փոխանակվում էին մի քանի բառով, այժմ արդեն ջերմ զրուցում էին միմյանց հետ՝ կիսվելով առօրյա թեմաներով, մտահոգություններով և փոքր ուրախություններով։
Հունվարի 26-ին Թալինում կայացավ գործնական հանդիպում «Կանանց հզորացում՝ հանուն Հայաստանի ժողովրդագրական դիմակայունության» նախաձեռնության շրջանակներում: Թալինի և հարակից համայնքների կանայք, ովքեր ցանկանում են վերադառնալ աշխատաշուկա և արդեն անցել են վերապատրաստումներ ՄՌԿ մասնագետի և հոգեբանների հետ, հանդիպեցին տեղի գործատուների և համայնքապետարանի ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակը ոչ միայն աշխատաշուկայի ներկայիս պատկերի ներկայացումն էր, այլև՝ համայնքային զարգացման միտումների, առաջիկա ծրագրերի և նոր հնարավորությունների:
«ՕքսԵՋեն» Հիմնադրամի ծրագրերի ղեկավար Կարեն Այվազյանը հանդիպման սկզբին գործատուներին ներկայացրեց կանանց վերապատրաստումների մասնակցության շահագրգռվածությունն ու աշխատաշուկա վերադառնալու պատրաստակամությունը՝ ակնկալելով երկուստեք արդյունավետ համագործակցության հնարավորություն: Հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանն էլ ընդգծեց նման հանդիպումների կարևորությունն ու երկխոսության համար ապահով տարածքների ստեղծումը:

Հանդիպման ժամանակ կանայք, ներկայանալով գործատուներին, անդրադառնում էին նաև իրենց կարիքներին և առանձնահատկություններին: Սա, թերևս, այս նախաձեռնության ամենակարևոր ձեռքբերումն է. կանայք, ովքեր միշտ մոռացել են իրենց մասին, ամբողջությամբ տրվել ընտանեկան հոգսերին և հարմարվել ամեն ինչին (ինչպես ներկայացնում էին նրանք հոգեբանի հետ խմբային հանդիպման ժամանակ), գործատուների հետ շփվելիս ներկայացնում էին նաև իրենց առանձնահատկությունները, փափուկ հմտությունները:
Հանդիպմանը ներկա էին Թալինի համայնքապետարանի Սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի, ինչպես նաև Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժինների պետերը: Նրանք ներկայացրին համայնքում այժմ առկա թափուր հաստիքները և մոտ ապագայում սպասվող նոր հնարավորությունները:
Գործարարներներն էլ մասնակիցների հետ կիսվեցին իրենց առաջիկա ծրագրերով՝ նշելով, որ այս տարվա նպատակներից է Թալինը դարձնել տուրիստական ակտիվ կենտրոն։ Այս տեսլականը, ի թիվս այլ զարգացման ուղղությունների, ենթադրում է նաև սպասարկման ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծում և համայնքի տնտեսական աշխուժացում։
Հանդիպման վերջում քարտեզագրվեցին կանանց կարիքներն ու աշխատանքային նախընտրությունները և համադրվեցին գործատուների առաջարկներին: Մասնակից կանանցից մի քանիսը նշեցին, որ կապ կհաստատեն գործատուների հետ: Իսկ մի մասնակից, երեք երեխաների մայրիկ, ով հանդիպմանը եկել էր փոքրիկի հետ, քննարկումներին զուգահեռ հասցրել էր գտնել դայակի ծառայություններ, որպեսզի կարողանա սկսել աշխատանքը։
Արդյունավետությունից զատ, այս հանդիպումը ևս մեկ անգամ հաստատեց այն համոզմունքը, որ նմանատիպ միջոցառումները հաճախ դառնում են համակարգային և մշակութային փոփոխությունների սկիզբ: Նմանատիպ տարածքների և հնարավորությունների ստեղծումը ցույց է տալիս, որ կանայք կարող են ոչ միայն ձեռք բերել աշխատանք՝ ապահովելու կենսական կարիքները, այլև զգալ, որ իրենց ձայնը լսելի է։
Նախաձեռնությունն իրականացնում է իր «ՕքսԵՋեն» հիմնադրամը՝ «Ժողովրդագրական դիմակայունություն․ կանանց կարողությունների և հնարավորությունների ընդլայնում տվյալահենք քաղաքականությունների միջոցով» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսական աջակցությամբ։







