Աշխարհում 2.4 մլրդ կանայք չունեն տնտեսական նույն իրավունքները, ինչ տղամարդիկ՝ փաստում է Համաշխարհային բանկի հրապարակած «Կանայք, բիզնես և օրենսդրություն» 2022 թ. տարեկան զեկույցը, որը գնահատում է այն օրենքները, որոնք առնչվում են կանանց աշխատանքային ու ձեռնարկատիրական գործունեությանը և ուղղված են կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը և գենդերային հավասարության հաստատմանը: Հայաստանը նույնպես ներառված է այս զեկույցում և բարելավել է իր դիրքերը նախորդ տարիների համեմատ՝ վճարվող հայրության արձակուրդի ներդրման ուղղությամբ օրենսդրական փոփոխություններ կատարելու շնորհիվ:
Ըստ զեկույցի՝ չնայած համավարակին, անցած տարի 23 երկիր բարելավել է ազգային օրենսդրությունը՝ խթանելու տնտեսության մեջ կանանց ընդգրկվածությունը։ Մինչ այդ փոփոխությունները կտան իրենց արդյունքները, ՀԲ-ն արձանագրում է, որ աշխարհում 2.4 մլրդ կանայք չունեն տնտեսական նույն իրավունքները, որոնք ունեն տղամարդիկ։
Զեկույցի գնահատմամբ՝ 187 երկրում պահպանվում են իրավական խոչընդոտները, որոնք խոչընդոտում են կանանց ամբողջական ներգրավվածությունը տնտեսական գործունեության մեջ, 86 երկրում կանայք բախվում են աշխատանքի որոշակի սահմանափակումների, 95 երկիր չի երաշխավորում հավասար աշխատանքի դիմաց հավասար վարձատրություն։
Զեկույցի հեղինակներն օգտագործել են 100 միավորանոց համակարգ՝ գնահատելով կանանց տնտեսական մասնակցությանը նպաստող օրենսդրական դաշտը 8 ցուցիչների ուղղությամբ՝ տեղաշարժի ազատություն (շարժունություն), աշխատանքի վայր, աշխատանքի վարձատրություն, ամուսնություն, երեխաների խնամքին ծնողների մասնակցություն (Parenthood), ձեռներեցություն, սեփականության տնօրինում և կենսաթոշակ։
Վարկանիշային աղյուսակը կազմելու համար 190 երկրի վերաբերյալ 8 կատեգորիաներում տրվել է 35 հարց։ Ահա այդ հարցերից մի քանիսը, որոնք տրվում են երկրներին այս զեկույցի գնահատումն իրականացնելու նպատակով։
Տեղաշարժի ազատություն
Կինը կարո՞ղ է ընտրել, թե որտեղ ապրել, ինչպես տղամարդը։
Կինը կարո՞ղ է ճամփորդել այլ երկիր, ինչպես տղամարդը։
Կինը կարո՞ղ է դիմել անձնագիր ստանալու համար այնպես, ինչպես տղամարդը։
Աշխատանքի վայր
Կինը կարո՞ղ է աշխատանք գտնել, ձեռք բերել այնպես, ինչպես տղամարդը։
Օրենքով արգելվո՞ւմ է աշխատանքում սեռով պայմանավորված խտրականությունը։
Կա՞ աշխատավայրում սեռական ոտնձգությունների վերաբերյալ օրենսդրություն։
Կա՞ սահմանված պատիժ աշխատավայրում սեռական ոտնձգությունների համար։
Աշխատավարձ
Արդյոք օրենքով պահանջվո՞ւմ է հավասար վարձատրություն հավասարարժեք աշխատանքի դիմաց։
Կինը կարո՞ղ է գիշերն աշխատել, ինչպես տղամարդը:
Կինը կարո՞ղ է արդյունաբերության ոլորտում աշխատել այնպես, ինչպես տղամարդը:
Ամուսնություն
Կինը կարո՞ղ է լինել ընտանիքի գլխավոր, ինչպես տղամարդը:
Կա՞ ընտանեկան բռնության վերաբերյալ օրենսդրություն։
Կինը կարո՞ղ է ամուսնալուծության պահանջով հայց ներկայացնել դատարան, ինչպես տղամարդը։
Կինն ունի՞ նորից ամուսնանալու նույն իրավունքները, ինչպես տղամարդը։
Երեխաների խնամքին ծնողների մասնակցություն (Parenthood)
Վճարվող արձակուրդը հասանելի՞ է հայրերին:
Առնվազն 14 շաբաթ տևողությամբ վճարվող արձակուրդը հասանելի՞ է մայրերին:
Կա՞ վճարվող ծնողական արձակուրդ:
Ձեռներեցություն
Կինը կարո՞ղ է պայմանագիր կնքել, ինչպես տղամարդը:
Կինը կարո՞ղ է բանկային հաշիվ բացել, ինչպես տղամարդը։
Կինը կարո՞ղ է բիզնեսը գրանցել այնպես, ինչպես տղամարդը։
Սեփականության իրավունք
Արդյոք տղամարդիկ և կանայք ունե՞ն հավասար իրավունքներ անշարժ գույքի նկատմամբ։
Արդյոք որդիներն ու դուստրերը ծնողների ունեցվածքը ժառանգելու հավասա՞ր իրավունքներ ունեն։
Կենսաթոշակ
Արդյոք նո՞ւյն տարիքում են կանայք ու տղամարդիկ կենսաթոշակի անցնում։
Արդյոք կենսաթոշակի համար հաշվարկո՞ւմ են երեխայի խնամքի համար աշխատանքից բացակայության շրջանը։
Հայաստանը 100 միավորից ստացել է 87.5
ՀԲ-ի գնահատմամբ՝ Հայաստանը հնարավոր 100 միավորից ստացել է 87.5: Այդ ցուցանիշն ավելի բարձր է, քան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների միջին ցուցանիշը՝ 84.1։ Նշենք, որ այդ երկրների շարքում առավել մեծ արդյունք արձանագրել է Կիպրոսը՝ 94.4։
Հայաստանի այս տարվա ցուցանիշը նաև ավելի բարձր է 2020 թ. զեկույցի վարկանիշի համեմատ, երբ Հայաստանը 190 երկրների շարքում 69-րդն է՝ ընդհանուր 82,5 միավորով։ Առաջընթացը պայմանավորված է վճարվող հայրության արձակուրդի ներդրմամբ:
Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը լրացվել է «Հայրության արձակուրդ» 176.1-րդ հոդվածով, ըստ որի՝
«Երեխայի ծնվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է հինգ աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար գործատուն վճարում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով»:
Մասնավորապես, շարժունության ցուցիչով Հայաստանի Հանրապետությանը բաժին է ընկել 100 միավոր, աշխատանքի տեղավորման գծով ՝ 50, աշխատանքի վարձատրության՝ 75, ամուսնության ՝ 100, ծնողական խնամքի՝ 100, ձեռներեցության ՝ 75, սեփականության տնօրինման՝ 100 և կենսաթոշակային ապահովման՝ 100 միավոր։
Այսինքն՝ երբ խոսքը ազատ տեղաշարժի, ամուսնության հարցում սահմանափակումների, կանանց աշխատանքի վրա ազդող օրենքների մասին է, երեխաների խնամքը կազմակերպելու, գույքի և ժառանգության գենդերային տարբերությունների և կանանց կենսաթոշակի չափի վրա ազդող օրենքների մասին, Հայաստանը ստանում է առավելագույն միավորներ։
Բայց երբ խոսքը կանանց՝ աշխատանքի վերաբերյալ որոշումների կայացման, աշխատավարձի չափի վրա ազդող օրենքների մասին է, ապա Հայաստանն օրենսդրական բարեփոխումների կարիք ունի, որոնք պետք է միտված լինեն գենդերային հավասարության ապահովմանը։
Ըստ զեկույցի գնահատականների՝ «Աշխատանքի վայր» ցուցիչով դիրքի բարելավման համար Հայաստանը պետք է դիտարկի աշխատավայրում սեռական ոտնձգություններից պաշտպանող օրենսդրության ընդունումը, որը քրեական կամ քաղաքացիական պատասխանատվություն կնախատեսի ոտնձգություն իրականացնողի նկատմամբ։
Գլոբալ մակարդակում տղամարդկանց և կանանց եկամուտների միջև տարբերությունը 172 տրիլիոն դոլար է
Զեկույցի հեղինակները, ուսումնասիրելով 190 երկրի օրենսդրական ու իրավական կարգավորումները, որոնք ազդում են կանանց տնտեսական ներգրավվածության վրա, եկել են եզրակացության, որ այսօր աշխարհում կանայք ունեն տղամարդկանց իրավունքների ընդամենը երեք քառորդը, ինչն իրավական ամբողջական հավասարություն նշանակող 100 միավորանոց սանդղակով գնահատվում է 76.5։
Ըստ զեկույցի՝ ընդամենը 12 երկիր, որոնք բոլորն էլ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ են, ունեն իրավական գենդերային հավասարություն: 100 միավոր վաստակած 12 երկրներն են՝ Բելգիան, Կանադան, Դանիան, Ֆրանսիան, Հունաստանը, Իսլանդիան, Իռլանդիան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Պորտուգալիան, Իսպանիան, Շվեդիան։
Նորություն է 95 երկրում երեխաների խնամքը կարգավորող օրենքների փորձնական հետազոտությունը։ Սա շատ կարևոր ոլորտ է, որտեղ անհրաժեշտ է աջակցություն, որպեսզի կանայք կարողանան հաջողության հասնել վճարվող աշխատանքում:
ՀԲ-ում գոհունակությամբ արձանագրել են. չնայած կանանց ու տղամարդկանց կյանքի, կենսապահովման վրա համավարակի ունեցած անհամաչափ ազդեցությանը՝ 23 երկրներ բարեփոխել են իրենց օրենքները, որպեսզի ձեռնարկեն խիստ անհրաժեշտ քայլեր տնտեսական գործունեության մեջ կանանց ընդգրկվածությունն ընդլայնելու համար։ Օրինակ՝ անցած տարի Հոնկոնգն ու Չինաստանը մայրական վճարվող խնամքի տևողությունն ավելացրել են՝ 10 շաբաթից դարձնելով 14 շաբաթ։ Հայաստանը, Շվեյցարիան և Ուկրաինան ներդրել են վճարվող հայրության արձակուրդ։ Կոլումբիան, Վրաստանը, Հունաստանը և Իսպանիան հայտարարել են ծնողական խնամքի վճարվող արձակուրդի մասին։
«Թեև առաջընթաց է գրանցվել, սակայն գլոբալ մակարդակում տղամարդկանց և կանանց կյանքի ընթացքում ակնկալվող եկամուտների միջև տարբերությունը 172 տրիլիոն դոլար է, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է աշխարհի տարեկան ՀՆԱ-ն։ Դեպի կանաչ, ճկուն և ներառական զարգացում շարժվելու ճանապարհին կառավարությունները պետք է արագացնեն օրենսդրական բարեփոխումների տեմպերը, որպեսզի կանայք կարողանան իրացնել իրենց ողջ ներուժը, ինչի արդյունքում կարելի է լիարժեք ու հավասարաչափ օգուտ քաղել»,- ասել է Համաշխարհային բանկի զարգացման քաղաքականության և գործընկերության գործադիր տնօրեն Մարի Պանգեստուն։
Օրենսդրական բարեփոխումների գլոբալ գնահատականը
Ըստ զեկույցի՝ Միջին Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի, Աֆրիկայի Սուբսահարյան պետություններում ամենամեծ առաջընթացն է գրանցվել, թեև այդ երկրներն ընդհանուր առմամբ շարունակում են հետ մնալ մյուսներից։ Օրինակ, Կենտրոնական Աֆրիկայում գտնվող Գաբոն պետությունը Քաղաքացիական օրենսգրքում համապարփակ բարեփոխումներ է իրականացրել, ընդունել է կանանց նկատմամբ բռնության վերացման մասին օրենք։ Արդյունքում 2021-ին ունի 82.5 միավոր՝ 2020-ի 57.5-ի փոխարեն։
Անցած տարում առավել մեծ բարեփոխումներ են իրականացվել «Ծնողական խնամք», «Վարձատրություն», «Աշխատավայր» ցուցիչների ուղղությամբ: Բազմաթիվ փոփոխություններ միտված են աշխատավայրում սեռական բռնությունից պաշտպանությանը, գենդերային խտրականության կանխարգելմանը, ծնողների վճարվող արձակուրդի տևողության ավելացմանը, կանանց համար աշխատանքային սահմանափակումների վերացմանը։
«Վարձատրություն» և «Ծնողական խնամք» ցուցիչները նախորդ տարիներին բավականին ցածր են գնահատվել, սական անցյալ տարի ունեցել են, համապատասխանաբար, 0.9 և 0.7 միավորով աճ՝ հասնելով 68.7 և 55.6 միավորի։
«Կանայք չեն կարող հավասարության հասնել աշխատավայրում, եթե անհավասար վիճակում են տանը։ Պետք է հավասարեցնել խաղադաշտը կանանց ու տղամարդկանց համար, երեխաներ ունենալը չի նշանակում, որ կանայք չպետք է տնտեսության լիարժեք մասնակից լինեն, պետք է ապահովել, որ նրանք կարողանան իրականացնել իրենց հույսերն ու հավակնությունները»,- ասել է ՀԲ խմբի ավագ փոխնախագահ և գլխավոր տնտեսագետ Կարմեն Ռայնհարթը։
Աշխարհի 118 երկրում մայրերի համար երաշխավորվում է 14-շաբաթյա վճարվող արձակուրդ: 114 երկիր սահմանել է հայրերի վճարվող արձակուրդ, սակայն դրա միջին տևողությունը ընդամենը մեկ շաբաթ է:
Զեկույցի հեղինակները նշում են, որ զարգացած տնտեսություն ունեցող երկրները շարունակում են իրենց առաջընթացը։ Հունաստանը, Իսպանիան, Շվեյցարիան բարեփոխել են իրենց օրենսդրությունը, որը վերաբերում է նորածին երեխայի խնամքի համար վճարվող արձակուրդին։
Արևելյան Ասիայի ու Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներում շարունակում են գենդերային հավասարությանն ուղղված օրենսդրական բարեփոխումները, սակայն առաջընթացը դանդաղ է։
Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների միջին ցուցանիշը 84.1 է։ Անցած տարի չորս երկիր՝ Հայաստանը, Ուկրաինան, Վրաստանն ու Կիպրոսը, բարեփոխումներ են իրականացրել։ Հայաստանն ազդարարել է երեխայի խնամքի՝ վճարվող հայրական արձակուրդի մասին, Ուկրաինայում հավասարեցվել է կանանց և տղամարդկանց կենսաթոշակի անցնելու տարիքը։ Կիպրոսում կանայք կարող են անձնագիր ստանալ այնպես, ինչպես տղամարդիկ։ Այս տարածաշրջանի երկրներում կարևոր մարտահրավերները վարձատրության և կենսաթոշակների ոլորտներում են. տնտեսությունների գրեթե կեսում չի ապահովվում հավասար վարձատրություն հավասար աշխատանքի համար, իսկ կենսաթոշակային նպաստների տարիքը դեռևս անհավասար է 17 տնտեսություններում:
Լատինական Ամերիկայի ու Կարիբյան տարածաշրջանի երկրներում կանայք ¾-ով ավելի քիչ իրավունքներ ունեն, քան տղամարդիկ։ 32 երկրներից երկուսում՝ Արգենտինայում ու Կոլումբիայում են անցած տարի գրանցվել ձեռքբերումներ։ Կոլումբիան դարձել է Լատինական Ամերիկայի առաջին երկիրը, որը ներդրել է վճարվող ծնողական արձակուրդ՝ նպատակ ունենալով նվազեցնել աշխատավայրում կանանց նկատմամբ խտրականությունը: Տարածաշրջանի տնտեսությունների միայն կեսն է երաշխավորում հայրերի վճարվող արձակուրդ:
Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի երկրներում կանայք ունեն տղամարդկանց իրավունքների միայն կեսը։ Բարեփոխումներ իրականացվել են միայն հինգ երկրում։ Օրինակ՝ Բահրեյնը պարտավորեցրել է հավասար վարձատրություն հավասար արժեք ունեցող աշխատանքի համար, վերացրել է կանանց գիշերային աշխատանքի վերաբերյալ սահմանափակումները։ Եգիպտոսը օրենսդրություն է ընդունել, որը պաշտպանում է կանանց ընտանեկան բռնությունից, ինչպես նաև հեշտացրել է վարկերի հասանելիությունը կանանց համար՝ արգելելով գենդերային խտրականությունը ֆինանսական ծառայություններում: Լիբանանը օրենսդրություն է ընդունել, որը քրեականացնում է սեռական ոտնձգությունը աշխատանքի վայրում:
Հարավային Ասիայի երկրներում կանայք տղամարդկանց՝ օրենքով սահմանված իրավունքների 2/3-ն ունեն։ Անցած տարում բարեփոխում կատարած միակ երկիրը Պակիստանն է, որը թույլ է տվել կանանց գիշերը աշխատել։
Աֆրիկայի Սուբ–Սահարյան տարածաշրջանի երկրներն ունեն 89.4 միավորից մինչև 29.4 միավոր։ Առավել ցածր ցուցանիշ է գրանցել Սուդանը։ Տարածաշրջանը համապարփակ բարեփոխումներ է իրականացրել՝ նախորդ տարի գրանցելով երկրորդ ամենաբարձր ցուցանիշը։ Օրինակ՝ Գաբոնն աչքի է ընկնում իր քաղաքացիական օրենսգրքի համապարփակ բարեփոխումներով և կանանց նկատմամբ բռնության վերացման մասին օրենքի ընդունմամբ։
Այս կարգավորումները կնոջը տվեցին իրավունք ընտրելու, որտեղ ապրել, առանց ամուսնու թույլտվության աշխատանք ընտրել, լինել տնային տնտեսության գլխավոր, ինչպես տղամարդիկ։ Անգոլան ընդունել է օրենք, որը քրեականացնում է սեռական ոտնձգությունը աշխատանքի ժամանակ։
Հոդվածը պատրաստվել է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ։