Հայաստանում գործազրկության բարձր մակարդակը, չգրանցված աշխատատեղերի մեծ թիվը համավարակի ընթացքում ու դրա հետևանքով խոցելի դարձրեցին հատկապես կանանց։ Համավարակից երկու տարի անց էլ, չնայած վերականգնման միտումներին, աշխատաշուկայի՝ գենդերային խորացած խզվածքը պահպանվում է։
«Քովիդի համավարակի ընթացքում, երբ առևտուր գրեթե չկար, կրճատեցին մեր խանութի աշխատակիցներին։ Ութ աշխատակցից մնացինք երեքս։ Չնայած մեր ծանրաբեռնվածությանն ու աշխատանքի ծավալի մեծացմանը, աշխատավարձերը կրճատեցին։ Մենք այդ ժամանակ ըմբռնումով մոտեցանք։ Բայց ամիսներ անց առևտուրը կրկին աշխուժացավ, կրճատված հինգ աշխատակցի փոխարեն աշխատանքի ընդունեցին երկուսին, աշխատավարձը բարձրացրեցին չնչին։ Արդյունքում՝ մենք հիմա աշխատում ենք ավելի շատ, լարված ու վարձատրվում ենք ավելի քիչ, քան մինչ համավարակը»,- պատմում է երևանյան հագուստի խանութներից մեկի վաճառողուհին, որը ներկայանալ չցանկացավ։
Համավարակի ընթացքում առավել խոցելի են եղել ծառայությունների, սպասարկման, առողջապահության ոլորտում ընդգրկված կանայք, որոնք ստիպված էին ավելի ծանրաբեռնված դարձած աշխատանքը համատեղել ավելի բարդ դարձած կենցաղի հետ։
«Փետրվարի վերջից մինչև սեպտեմբերի սկիզբ ո՛չ հանգստյան օր ենք ունեցել, ո՛չ էլ արձակուրդ վերցնելու հնարավորություն։ Անգամ տանը չենք մնացել։ Իսկ սովորական պայմաններում շաբաթը մեկ օր տանն ենք եղել ու երբ ցանկություն ենք ունեցել, արձակուրդ ենք գնացել։ Գործատուն ասում էր, որ իրավունք չունի նոր աշխատակից ընդունելու, մենք էլ շատ ենք իրենց անհրաժեշտ, ու իրենք չեն կարող մեզ տրամադրել մեր հանգստյան գոնե մեկ օրը»,- «Սոցիոսկոպ» ՀԿ-ին պատմել է առևտրի ոլորտում աշխատող մի կին։
Այս ու այլ կանանց, ինչպես նաև պետական մարմինների, արհմիությունների, ՀԿ-ների փորձագետների շրջանակում անցկացված հարցման պատասխանները ներառված են «Սոցիոսկոպի» պատրաստած «Կորոնավիրուսի համավարակի ազդեցությունը Հայաստանում կանանց աշխատանքային իրավունքների իրադրության վրա» զեկույցում։ Հետազոտության առանցքում կանայք են և նրանց աշխատանքային իրավունքները։ Հետազոտությունն արվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակում:
«Քովիդի շրջանում էլ ենք աշխատել, բայց ոչ նույն կազմով։ Ովքեր հիվանդանում էին, աշխատանքի չէին գալիս, իրենց գործն էլ էր մնում մեզ վրա»,- ասել է սննդի առևտրի ոլորտում աշխատող կանանցից մեկը։
Ուսումասիրության հեղինակներն արձանագրել են, որ համավարակը առևտրի ոլորտում փոխել է վաճառքի ընթացքը, և որոշ գործատուներ աշխատավարձերն ուշացրել են կամ խնդիրներ են առաջացրել այն վճարելիս, ինչն էլ կանանց համար աշխատանքը թողնելու պատճառ է դարձել։
Անգամ գրանցված՝ հստակ պայմանագրով աշխատող կանայք են բախվել նման խնդիրների որոշ անբարեխիղճ գործատուների կողմից և չեն ստացել աշխատավարձ կամ այլ որևէ փոխհատուցում։
«Մարտից չենք աշխատել մինչև մայիս, ու աշխատել եմ մինչև հուլիսի սկիզբ։ Նույն աշխատավարձն էինք էլի ստանում, բայց շատ դժվարությամբ էին աշխատավարձը տալիս, քանի որ նաև վաճառքն էր նվազել, նախկին շրջանառությունը չէր, ու էդ պատճառով ես դուրս եկա»,- ասել է հագուստի խանութում աշխատող մի կին։
Ըստ զեկույցի՝ լրացուցիչ ծանրաբեռնվածության հետևանքով ազատ օրերից ու արձակուրդից զրկված սպասարկման ոլորտի աշխատակիցները, հաճախ օրվա ընթացքում իրենց հասանելիք ընդմիջման ժամերից օգտվելու հնարավորություն չեն ունեցել անգամ։ Թեև այս խնդիրները անհանգստացրել են կանանց, միաժամանակ հիմք չեն դարձել սեփական իրավունքները պաշտպանելուն ուղղված քայլեր ձեռնարկելու համար, քանի որ կանայք, հիմնականում, չեն տիրապետել իրենց աշխատանքային իրավունքներին, իսկ գործատուների կողմից կիրառվող չարաշահումներին ենթարկվելը հաճախ արդարացվել է սեփական աշխատանքը սիրելու հանգամանքով։
Այն կանայք, որոնք գիտակցել են, որ դա իրենց աշխատանքային իրավունքի խախտում է, անկեղծորեն խոսել են աշխատավայրում ունեցած իրավախախտման դեպքերի մասին։ Հեռավար աշխատանքից զատ, հեռավար կրթության անցնելը ևս կանանց համար հավելյալ խնդիրներ է առաջացրել․ մասնավորապես՝ միայնակ մայրերը բախվել են ֆինանսական խնդիրների։ Անխափան ինտերնետ կապի առկայության անհրաժեշտությունը և դրա համար վճարը սոցիալապես սուղ պայմաններում ապրող կանանց ավելի վատթար դրության մեջ է դրել։
Ընդհարապես, գործունեությունը դադարեցրած ոլորտներից հատկապես գեղեցկության սրահներում աշխատող կանայք համավարակի ընթացքում տևական ժամանակ հաճախորդներ չեն ունեցել, կորցրել են իրենց աշխատանքը և ստիպված են եղել փոխել գործունեության ոլորտը։
Ըստ զեկույցի՝ կորանավիրուսի համավարակը ազդել է նաև ընտանեկան բռնության ենթարկված կանանց թվի աճի վրա։ Կանայք, կյանքի տարբեր ոլորտներում առնչվելով խտրական վերաբերմունքի, համավարակով պայմանավորված ավելի խոցելի են դարձել։
Պետական աջակցությունն ու դրա հասանելիությունը
Համավարակի ընթացքում աշխատատեղերի կրճատումներն աշխատանքային իրավունքների ոտնահարման մի մասն են միայն։ Ըստ զեկույցի՝ համավարակի առաջին ամիսներին տասնյակ քաղաքացիներ, աշխատանքային խնդիրներ ունենալով, անակնկալի են եկել տեղեկանալով, որ իրենց անունները ներառված չեն կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շահառուների ցանկերում։ Սակայն խնդիրը ոչ թե ցանկերն էին, այլ գործատու-աշխատող հարաբերությունները կամ դրանց դե յուրե բացակայությունը․ Հայաստանում դեռևս կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք աշխատում են առանց աշխատանքային պայմանագրի, առանց գրանցման։ Համավարակն ավելի խոցելի իրավիճակ ստեղծեց հենց այս խմբի համար, քանի որ նրանք զրկվեցին ոչ միայն իրենց աշխատավարձից՝ պայմանավորված համավարակով և հարկադրված պարապուրդով, այլև չունեցան հնարավորություն՝ օգտվելու Կառավարության կողմից նախատեսված՝ համավարակի սոցիալ–տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված աջակցության ծրագրերից։
Անդրադառնալով աջակցության ծրագրերից օգտված կանանց փորձառությանը՝ պետք է նշել, որ կանանց համար տեղեկատվության աղբյուրը եղել են մեդիան, գովազդները, սոցիալական ցանցերը, որոշ դեպքերում՝ գործատուները, որոնք ուղղորդել են իրենց աշխատակիցներին՝ հակաճգնաժամային ծրագրերից օտգվելու հարցում։ Սրճարաններում աշխատանքային փորձ ունեցած կանայք խիստ դրական են գնահատել պետության տրամադրած աջակցության ծրագրերից օգտվելու իրենց փորձառությունը։ Հետազոտության համար հարցված կանանցից 64–ը, ովքեր աշխատել են ռեստորաններում կամ սրճարաններում, հիմանականում, օգտվել են պետության կողմից տրամադրված սոցիլական աջակցության ծրագրերից։ Առանձնանում են նաև այն դեպքերը, երբ կանայք չեն կորցրել աշխատանքը, կամ ժամականավորապես չեն աշխատել, բայց աշխատավարձ ստացել են ու միևնույն ժամանակ օգտվել են պետության կողմից տրամադրվող ծրագրերից։
Վիճակագրություն
Ըստ զեկույցի՝ Հայաստանի աշխատաշուկայում զբաղված է կանանց 41 %-ը։ Աշխատանքային տարիքի 10 կանանցից 4-ն ունեցել են աշխատանք, 15-74 տարեկան կանանց 51 %-ը չի ունեցել աշխատանք և չի փնտրել, աշխատաշուկայից դուրս կանանց և տղամարդկանց մեջ առկա սեռային խզվածքը 39,3 % է, այն հատկապես բարձր է 25-49 տարիքային խմբում, որտեղ հասնում է մինչև 67,3 %-ի։
Համաձայն «Հայասատանում COVID-19-ի ազդեցության գնահատման» զեկույցի՝ աշխատանք ամենաշատը կորցրել են չգրանցված աշխատողները, և աշխատանք կորցնողների մեջ կանանց մասնաբաժինը առավել մեծ է եղել։ Համավարակով պայմանավորված՝ աշխատանքը կորցրել է տղամարդկանց 17,3 %-ը և կանանց 19,1 %-ը։ Այսինքն, եթե կանանց ներգրավվածությունը աշխատանքային ոլորտում արդեն իսկ քիչ էր, ապա համավարակի հետևանքով կանանց աշխատատեղերի կորուստը էականորեն ազդել է կանանց զբաղվածության, աշխատանքային իրավունքների վրա։
Կանանց խնդիրները՝ ՀԿ-ների ու պետական մարմինների փորձագետների աչքերով
Հասարակական ոլորտի փորձագետների գնահատմամբ, Covid 19 համավարակից տուժած կանանց շրջանում առավել տուժել են միայնակ մայրերը, խնամքի տակ երեխա ունեցող աշխատող կանայք, խնամքի տակ հաշմանդամություն ունեցող անձ ունեցող կանայք, այն կանայք, ովքեր ընտանիքում ենթարկվում են բռնության, ցածր վարձատրվող աշխատանք կատարող կանայք, և այլն։
«Միայնակ մայրերը ընտանիքում միակ կերակրողն էին հանդիսանում և չափազանց շատ էին, ու լոքդաունի ժամանակ կորցրել էին աշխատանքը, չէին կարողանում նոր աշխատանք գտնել։ Կանայք նաև չունեին խնայողություններ, որպեսզի երկարատև կարողանային հոգ տանել երեխաների համար»,- ասել է հասարակական կազմակերպության ներկայացուցիչ փորձագետը։
«Կարծում եմ՝ ամենաշատը կանայք տուժեցին՝ երեխաներ, աշխատանք, տնային գործեր։ Եվ հատկապես ցածր վարձատրվողները՝ մաքրուհիները, մաքրությամբ, աղբահանությամբ զբաղվողները, որովհետև առանց իրենց աշխատանքը հնարավոր չէր կազմակերպել։ Երևի թե ցածր վարձատրվողները ավելի շատ տուժեցին․ տանն ես, հոսանք, ջուր, գազ ավելի շատ ես ծախսում, բայց դրա համար ոչ ոքի փոխհատուցում չի տրվում։ Երբ գնում ես աշխատանքի, թեկուզ սուրճը էնտեղ խմում ես, տանը հոսանք չես ծախսում, չէ՞»,- մանրամասնել է արհմիության ներկայացուցիչ փորձագետը։
Զեկույցի հեղինակները նշում են, որ պետական ոլորտի փորձագետները առավել ընդհանրական պատկեր են տեսել և չեն առանձնացրել խոցելի խմբերին։
Նրանց կարծիքով, տնտեսության տուժած ոլորտներում ներգրավված քաղաքացիները տուժել են՝ ըստ տվյալ տնտեսության ճյուղին բնորոշ խնդիրների, այլ ոչ թե խմբային պատկանելության։
«Սեռով պայմանավորված՝ թե կանանց ինչքանով վնասեց, ես կարծում եմ, որ նույնքան, ինչքան տղամարդկանց։ Հանդիսավարները չեն աշխատել, լողավազանները չեն աշխատել, հիմնականում, փակ էին, և նույն ձևով տղամարդ ու կին մարզիչն էին տուժում»,- ասել է ԱԺ փորձագետներից մեկը։
Առաջարկություններ
Զեկույցի հեղինակներն առաջարկությունների 7 կետ են ներկայացրել՝ հետագայում նման խնդիրների առաջացման պարագայում առավել արդյունավետ լուծումներ գտնելու համար։ Օրինակ, պետական համակարգում տվյալների բազաների թվայնացում, պետական աջակցության ծրագրերում միջոցառումների գնահատման և մշտադիտարկման պլանի ներառում՝ հստակ չափորոշիչներով, պետական համակարգում ինստիտուցիոնալ հիշողության երաշխավորում, պետության կողմից քաղաքացիների սոցիալական բավարար երաշխիքների ընդլայնում, հասարակական կազմակերպությունների, պետության և միջազգային կազմակերպությունների միջև համագործակցության բարելավում։
Համավարակի գենդերային ազդեցությունը՝ ըստ ԱՄԿ-ի
Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) արձանագրել է, որ չնայած համավարակից երկու տարի է անցել՝ շատ ոլորտներում աշխատանքի շուկան դեռ զգում է դրա հետևանքները։
ԱՄԿ նոր զեկույցն արձանագրում է, որ գլոբալ ճգնաժամային երևույթները բերում են երկրների ներսում աշխատաշուկաների վերականգնման ակնհայտ վատթարացման, ինչպես նաև՝ երկրների միջև անհավասարության աճի։
Համավարակի ընթացքում, ըստ ԱՄԿ-ի, մեծացել է աշխատաժամանակի գենդերային խզումը։ Համավարակի ընթացքում առավել շատ տուժել են այն կանայք, որոնք աշխատանքային պայմանագրեր չեն ունեցել։ Աշխատավարձերի հարցում գենդերային առավել մեծ խզում գրանցվել է ցածր և միջինից ցածր եկամուտ ունեցող երկրներում։
Համաձայն ԱՄԿ վերջին հրապարակումների՝ կանայք աշխատանքի ու եկամտի անհամաչափ կորուստ են ունեցել առավելապես տուժած ոլորտներում իրենց բարձր ներկայացվածության պատճառով, իսկ որոշ տուժած ոլոտներում էլ շարունակում են աշխատել առաջնագծում՝ ապահովելով խնամքի և ծառայությունների մատուցման ոլորտների գործունեությունը, հաճախ նաև կատարելով չվճարվող տնային աշխատանք։ Համաշխարհային մակարդակում, կանայք ավելի հաճախ են աշխատանք կորցրել՝ համավարակով պայմանավորված։ Կանանց աշխատատեղերի 4.2%-ն է փակվել՝ ի տարբերություն տղամարդկանց աշխատատեղերի 3%- ի՝ կազմելով, համապատասխանաբար, 54 մլն աշխատատեղ կանանց և 60 մլն աշխատատեղ տղամարդկանց համար։ Սակայն, եթե 2021 թ․ 2019 թ․-ի համեմատ աշխատատեղերը տղամարդկանց համար գրեթե ամբողջությամբ վերականգնվել են` 59 մլն, ապա կանանց համար այս թիվը 41 մլն է։ Այսինքն՝ 2021 թ․-ի տվյալներով աշխատաշուկայում 13 մլն քիչ զբաղված կին կա, քան 2019 թ․-ին։
Հոդվածը պատրաստվել է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ։
Թեմայի շուրջ ՀԱՎԱՍԱՐ տեղեկագիր.
Կանայք՝ կորոնավիրուսի դեմ պայքարում