Եվրոպայի խորհրդի մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի փորձագետների խումբը (GRETA) մայիսի 31-ին հրապարակել է Հայաստանի վերաբերյալ նոր զեկույց, որն անդրադառնում է թրաֆիքինգի զոհերի՝ արդարադատության հասանելիության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների ապահովման խնդիրներին:
Սա Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ երրորդ զեկույցն է։ Առաջինը հրապարակվել 2012-ի սեպտեմբերի 21-ին, երկրորդը՝ 2017-ի մարտի 20-ին։
Եվրոպացի փորձագետները նշում են՝ վերջին զեկույցից ի վեր Հայաստանի իշխանությունները շարունակում են բարեփոխել օրենսդրությունը և քաղաքականությունն ընդդեմ թրաֆիքինգի, կատարվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, օրինակ 2021-ին փոփոխություններ են կատարվել Քրեական, Քրեական դատավարության և Աշխատանքային օրենսգրքերում։
Հաստատվել են թրաֆիքինգի դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրերը 2016-2018 թթ., ապա նաև 2020-2022 թվականների համար։
Ովքե՞ր են զոհերը
Հայաստանը շարունակում է մնալ հիմնականում թրաֆիքինգի ենթարկված անձանց ծագման երկիր, բայց նաև ներքին թրաֆիքինգի խնդիր ունի։ Հայաստանում գրանցվել են նաև օտարերկրյա քաղաքացիների շահագործման դեպքեր։
Զեկույցը վկայակոչում է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տվյալները, որոնց համաձայն՝ 2017-ին գրանցվել է շահագործման 11 դեպք, 2018-ին՝ 9 դեպք, 2019-ին՝ 8 դեպք, 2020-ին՝ 9 դեպք։ 2021-ին թրաֆիքինգի զոհերի կտրուկ աճ է գրանցվել՝ հասնելով 31-ի։
ԵԽ զեկույցի համաձայն՝ 2017-2021 թվականների ընթացքում նույնականացվել է թրաֆիքինգի 68 զոհ։ Նրանք բոլորն էլ Հայաստանի քաղաքացի են, շահագործման են ենթարկվել Հայաստանում։ Թրաֆիքինգի զոհերի 2/3-ը կանայք և աղջիկներ են։ Նրանք նախ ենթարկվել են սեռական շահագործման, ապա՝ աշխատանքային, նաև՝ հարկադիր մուրացկանության։
Նույնականացված զոհերից 35-ը կանայք են, 19-ը՝ երեխաներ, որից՝ 13 տղա և 6 աղջիկ, 14-ը՝ տղամարդիկ։
Հանցագործության գերակշռող ձևը եղել է սեռական շահագործումը (34 զոհ), որին հաջորդում են աշխատանքային շահագործումը (23 զոհ), հարկադիր մուրացկանությունը (8 զոհ) և ստրկությունը կամ նման երևույթներ (3 զոհ):
Նույնականացված զոհերի մեծ մասը՝ 55-ը, եղել են Հայաստանի քաղաքացի։ Քիչ թվով հայաստանցիներ թրաֆիքինգի են ենթարկվել այլ երկրներում՝ 2-ական զոհ գրանցվել է Կիպրոսում, Ռուսաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, 1-ական զոհ՝ Վրաստանում ու Թուրքիայում։
5 օտարերկրացի էլ աշխատանքային շահագործման է ենթարկվել Հայաստանում։ 2018-ին գրանցվել է Հնդկաստանի 5 տղամարդ քաղաքացու շահագործման դեպք, 2019-ին՝ իրանցի 1 տղամարդու շահագործման։ Հայաստանում ապաստան հայցողների շրջանում թրաֆիքինգի զոհեր երբևէ չեն գրանցվել։
Զոհերը հանցագործներից փոխհատուցում չեն ստանում, պատժվածներն էլ փոքր թիվ են կազմում
GRETA-ն շեշտում է, որ Հայաստանում թրաֆիքինգի զոհերի՝ հանցագործներից փոխհատուցում ստանալու հնարավորությունը մնում է պատրանքային: Հաշվետու ժամանակահատվածում թրաֆիքինգի ոչ մի զոհ հանցագործներից փոխհատուցում չի ստացել ո՛չ քրեական, ո՛չ քաղաքացիական դատավարության միջոցով:
Մարդկանց թրաֆիքինգի գործերով չեն եղել այնպիսի դատավճիռներ, որոնք հանգեցրել են գույքի բռնագրավման: GRETA-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին ձեռնարկել ակտիվ միջոցներ՝ երաշխավորելու թրաֆիքինգի զոհերի փոխհատուցման հասանելիության արդյունավետությունը, նաև օգտագործել իրավախախտների ունեցվածքի սառեցման և բռնագրավման մասին օրենսդրությունը, բացի այդ, դատախազների, փաստաբանների, քննիչների, դատավորների համար անցկացնել վերապատրաստման ծրագրեր։
Փորձագիտական խումբը ողջունել է 2017-ից ի վեր թրաֆիքինգի 20 զոհին տրամադրած աջակցությունը՝ 450 եվրոյի չափով։
Եվրոպացի փորձագետների մտահոգությունն են առաջացնում դատավարության արդյունքները. 2017 թ. հունվարից մինչև 2021 թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում մարդկանց թրաֆիքինգի դեպքերով իրականացվել է ընդհանուր առմամբ 69 քրեական գործերով հետաքննություն, սակայն դատարան է հասել միայն 13 գործ, որոնց արդյունքում միայն 6 անձ է դատապարտվել։
Թեև գործերի երկու երրորդը վերաբերում է աշխատանքային շահագործմանը, սակայն այդ մեղադրանքով որևէ մեկը չի դատապարտվել։
Փորձագիտական խումբը Հայաստանի իշխանություններից պահանջում է տրամադրել անհրաժեշտ մարդկային ռեսուրսներ՝ ապահովելու թրաֆիքինգի հանցագործություններով արագ, բազմակողմանի ու համալիր քննություն, ինչպես նաև ապացույցներ հավաքագրելու մեթոդներ ու միջոցներ։ Միաժամանակ GRETA-ն ողջունում է նոր Քրեական օրենսգրքում իրավաբանական անձանց համար քրեական պատասխանատվության սահմանումը։
Խորհուրդներ ու առաջարկություններ՝ ի՞նչ անել
Քաղհասարակության ու Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները GRETA-ին հայտնել են, որ թրաֆիքինգի զոհերը հայտնաբերվել ու նույնականացվել են ոչ թե իրավապահների ակտիվ գործողությունների արդյունքում, այլ զոհերի հաղորդումների հիման վրա։
Սակայն շատ դեպքերում մարդիկ չեն էլ գիտակցում, որ դարձել են հանցագործության զոհ ու պետք է դիմել իրավապահ մարմիններ։ Շատ հաճախ էլ նրանք ոստիկանություն չեն դիմում ամոթի, խարանի կամ էլ իշխանություններին չվստահելու հետևանքով։ Հետևաբար, կարելի է ենթադրել, որ թրաֆիքինգի զոհերի թիվն ավելի մեծ կարող է լինել։
GRETA-ն նշում է, որ վերջին տարիներին Թրաֆիքինգի դեմ պայքարի հանձնաժողովը կանոնավոր կերպով նիստեր չի հրավիրել, Թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խումբը միայն երկու անգամ է հանդիպել, այն էլ առցանց՝ COVID-19 համավարակի ընթացքում:
Փորձագետների խումբն ընդգծում է թրաֆիքինգի դեմ պայքարն ուշադրության կենտրոնում պահելու կարևորությունը, նշում է, որ համավարակն էլ ավելի խոցելի է դարձրել թրաֆիքինգի զոհերին, պահանջում է իշխանություններից առավել ակտիվ գործել թրաֆիքինգի կանխարգելման ու դրա դեմ պայքարում։
Զեկույցի հեղինակները թրաֆիքինգի դեպքերը կանխելու, դրա դեմ պայքարի, հանցագործության արդար քննության, զոհերի նույնականացման ու նրանց կրկնակի զոհ չդարձնելու վերաբերյալ խորհուրդներ ու առաջարկություններ են ներկայացրել։
Նրանք պետությանն առաջարկում են սերտ համագործակցություն մասնավոր ոլորտի հետ, աշխատանքային տեսուչների պատրաստում, որոնք ստուգումներ կիրականացնեն գրանցված ու չգրանցված ընկերություններում, ստեղծել սերտ համագործակցություն աշխատանքային տեսուչների, վերապատրաստված քննիչների, դատախազների, հարկային ծառայության աշխատակիցների ու արհմիությունների միջև, ուշադրության կենտրոնում պահել արտագնա աշխատանքի մեկնողներին, աշխատանքի տեղավորման գործակալությունների գործունեությունը։
GRETA-ն գտնում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ուժեղացնեն իրենց ջանքերը երեխաների թրաֆիքինգի կանխարգելման գործում, շարունակեն այդ ուղղությամբ օրենսդրական բարեփոխումները։ Նշվում է, որ այդ գործում մեծ դեր պետք է ունենան վերապատրաստված ոստիկաններն ու ուսուցիչները, հատկապես գյուղական վայրերում։
Զեկույցին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ:
Հոդվածը պատրաստվել է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ։