Սյունիքի մարզի Գորիս համայնքում շատերն են ճանաչում Արցախից տեղահանված Սաթենիկ Դալլաքյանին, ով շուրջ մեկ ու կես տարի է՝ «մեկ հարկի տակ» է միավորել իր նման տեղահանված կանանց ներուժն ու ստեղծել «Սաթինե» գեղեցկության սրահը հենց քաղաքի սրտում:
2020 թ․ արցախյան 44-օրյա պատերազմի օրերին Սաթենիկը ստիպված է եղել թողնել հարազատ Իշխանաձորն ու երկու աղջիկների հետ տեղափոխվել Սյունիք՝ հույսով, որ կարճ ժամանակ անց իրավիճակը կկայունանա, ու կկարողանան հետ վերադառնալ:
«Հղի էի, զույգ երեխաներիս էի սպասում: Այնքան հապշտապ ենք դուրս եկել գյուղից, որ ոչինչ չենք հասցրել վերցնել մեզ հետ: Անընդհատ մտածում էի՝ հետ գնամ, գոնե անձնական իրերս վերցնեմ, սակայն ընտանիքս թույլ չէր տալիս»,- պատմում է Սաթենիկը:
Սաթենիկը ծնունդով Գորիսից է, սակայն, 2000 թ․ ընտանիքի հետ տեղափոխվել է Արցախ ու շուրջ 26 տարի ապրել այնտեղ: Համալսարանական կրթությունը ստացել է Գորիսում, որտեղ և ծանոթացել է ապագա ամուսնու հետ: Ամուսնությունից հետո ընտանիքը որոշել է տեղափոխվել Արցախ: Պետության կողմից ստացված տունը հիմնանորոգել են, զբաղվել գյուղատնտեսությամբ, առևտրով: Սաթենիկը նաև վարսահարդարման ծառայություններ է մատուցել համայնքում:
«Հայաստանում դժվար էր աշխատանք գտնելը, Արցախում ավելի հեշտ էր և՛ աշխատելը, և՛ ստեղծելը: Մեծածավալ ցորենի դաշտեր ունեինք, գյուղատնտեսությամբ էինք զբաղվում: Ամուսնուս հետ տքնաջան աշխատում էինք, նրա հետ հավասար ամեն ծանր գործ անում էի, որպեսզի կարողանանք բարեկեցիկ ապագա ապահովել մեր երեխաների համար,-հիշում է զրուցակիցս ու նեղսրտում,- մեկ օրում ողջ կյանքիդ ստեղծածը կորցնելը մեծ ցավ է, բայց մյուս կողմից շնորհակալ եմ Աստծուն, որ բոլորս ողջ-առողջ ենք»:
Գորիսում ընտանիքն ապրում է վարձակալած բնակարանում: Պատերազմից կարճ ժամանակ անց՝ զույգերի ծնունդից հետո, չորս աղջիկների մայրը երեխաների խնամքը հոգալուն զուգահեռ սկսել է մտածել եկամտի նոր աղբյուրներ գտնելու մասին: Վարսահարդարման ոլորտում ունեցած փորձառությունը հաշվի առնելով՝ Սաթենիկը որոշել է գեղեցկության սրահ հիմնել Գորիսում:
«Ամուսինս օրավարձով բանվորություն էր անում, դժվարանում էինք նույնիսկ օրվա ծախսերը հոգալ: Չորս երեխաների հետ վարձով տան պայմաններում չգիտեինք, ի՞նչ աշխատանք կատարենք, որ կարողանանք բավարարել մեր երեխաների կարիքները»,-հիշում է Սաթենիկը:
Նոր բիզնեսի սկզբնական ամիսները Սաթենիկի համար շատ ծանր են եղել. հաճախորդների պակասի պատճառով վերջինս ստիպված է եղել վաստակած ողջ գումարն ու նաև երեխաների նպաստը ներդնել բիզնեսի մեջ՝ վարձակալության ու հարակից ծախսերը փակելու համար:
«Նոր սրահ էր, մարդիկ ինձ չէին ճանաչում, չէի կարողանում մրցակցել…Այդ ընթացքում նույնիսկ մի քանի անգամ արտասվել եմ ու մտածել վարսավիրանոցը փակելու մասին: Հետո հասկացա, որ ամեն ինչ պետք է սկսեմ քչից, ինչպես Արցախում, որպեսզի կարողանամ առաջ շարժվել, կայանալ ու դիմանալ մրցակցությանը»,- նշում է Սաթենիկը:
Որոշ ժամանակ անց նա որոշում է գնել քաղաքի կենտրոնում գտնվող փոքրիկ տներից մեկն ու այն վերածել գեղեցկության սրահի: Չնայած ամուսնու մտավախություններին, վարկ է վերցնում՝ անշարժ գույք ձեռք բերելու համար: Նման խոշոր ներդրումը ամուսինը համարում է ռիսկային, Սաթենիկը, սակայն, վստահ էր՝ հաջողելու է:
«Ամուսինս չէր ուզում, ասում էր՝ այսքան մեծ գործի տակ ես մտնում, Արցախում էլ այդքան մեծ գործեր արեցինք ու ամեն ինչ կորցրեցինք, բա որ այստեղ է՞լ վիճակը սրվի ու նորից ստիպված լինենք տեղահանվել: Պատասխանս միշտ մեկն էր՝ որ «եթե սկսենք «եթե»-ներով ապրել, ոչինչի չենք հասնի»,-հիշում է Սաթենիկը:
Վերջինիս տքնաջան աշխատանքի ու պրպտումների արդյունքում որոշ ժամանակ անց վարսավիրանոցը նորոգելու համար ֆրանսիացի բարերարների կողմից 6 մլն դրամի չափով ֆինանսական աջակցություն է տրամադրել ֆրանսահայ Արամ Կայայանը:
Մանկահասակ երեխաների մայրն այդ ընթացքում մասնակցել է նաև դրամաշնորհային ծրագրի ու ստացած դրամաշնորհի՝ 1.5 մլն դրամի շնորհիվ գնում է վարսավիրանոցի համար անհրաժեշտ կահույքը: Եվս 600.000 դրամի չափով դրամական աջակցություն է տրամադրել Գորիսում գործող «Կարինե Մովսիսյան» երիտասարդական կենտրոնը: Գորիսի «ՎԻՆՆԵԹ Հայաստան» Կանանց ռեսուրսային կենտրոնի աջակցությամբ էլ սրահում աշխատելու ցանկություն հայտնած արցախցի 4 կանայք ստացել են մասնագիտական ուսուցում ու ուսուցման ավարտին՝ մասնագիտական գործիքներ՝ լիարժեք աշխատելու համար:
Բիզնեսը հիմնելու և զարգացնելու հարցում աջակցության ծրագրերի կարևորությունը գիտակցելով՝ Սաթենիկը նաև շեշտում է՝ բիզնես հիմնելը մի բան է, այն պահելն ու զարգացնելը՝ այլ բան:
«Մեծ պատասխանատվություն է ինձ համար ինձ նման տարհանված կանանց աշխատանքի ընդունելը: Այսօր ես պատասխանատվություն եմ կրում ոչ միայն իմ, այլև՝ նրանց համար»,- ասում է նա:
Իր տեսակով համառ ու պայքարող Սաթենիկը հաճախ հայտնվում է բուռն քննարկումների թիրախում: Նեղսրտում է՝ իր հաջողությունները նկատում են, բայց այդ հաջողություններին հասնելու տքնաջան ճանապարհը՝ ոչ:
Ասում է. «Կողքից այնքան հեշտ է թվում ամեն ինչ: Հաճախ են ասում՝ քեզ օգնում են, քեզ Ֆրանսիայից հովանավորեցին, քեզ դրամաշնորհ տվեցին…բայց այդ դրամաշնորհին արժանանալու համար ես 4 ամիս դասընթացի եմ մասնակցել, անքուն գիշերներ եմ անցկացրել: Այն հենց այնպես չի տրվել: Պետք է անցնել նույն ճանապարհով՝ զգալու ու հասկանալու համար դժվարությունները, որոնց միջով անցել եմ ու դեռ այսօր էլ անցնում եմ»:
Չնայած շարունակական դժվարություններին՝ Սաթենիկը չի ընկճվում: Հետպատերազմյան շրջանի մտավախությունները հաղթահարելով՝ նա այսօր վստահորեն շարժվում է առաջ: Անկեղծանում է. «Պատերազմից հետո մտածում էի, որ այլևս երբեք չեմ կարող նորից զրոյից սկսել, այդքան ուժ չեմ ունենա, բայց ինքս իմ մեջ գտա այդ ուժը… Հիմա կարծում եմ, որ անհարին ոչինչ չկա. եթե Արցախում կարողացել եմ ստեղծել, հաստատ Հայաստանում էլ կարող եմ: Ուղղակի պետք է անընդհատ սովորել, ինքնակրթվել ու զարգանալ: Իսկ ես դա անում եմ ամեն օր, անքուն գիշերներիս ու հանգստիս հաշվին… »:
Գայանե Մարկոսյան (WomenNet)
Այս հոդվածը ստեղծվել է «Կանանց մասնակցության խթանում անվտանգության և խաղաղության գործընթացներում» ծրագրի շրջանակում, Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ` «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ»-ի (ՊԽԼԻ) կողմից տրամադրված ենթադրամաշնորհի միջոցով։ Բոլոր կարծիքները, բացահայտումները և եզրահանգումները պատկանում են հեղինակ/ներ/ին և պարտադիր չէ, որ համընկնեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշման կամ ՊԽԼԻ-ի տեսակետների հետ։