ՕքսԵՋեն հիմնադրամը 2023 թ․ մարտի 9-ին Երևանում «Կանայք` անվտանգության և խաղաղության գործընթացներում» համաժողովով ամփոփեց «Կանանց մասնակցության խթանում՝ անվտանգության և խաղաղության գործընթացներում» ծրագիրը։
Համաժողովի մասնակիցներին ողջունեց ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը և Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալլագերը։ Պարոն դեսպանը հույս հայտնեց, որ այս միջոցառումը իր նպաստը կբերի խաղաղության և անվտանգության խթանման գործում, ինչպես նաև Հայաստանի ազգային ծրագրի իրականացմանը։
Այնուհետև ծրագրի շրջանակում իրականացված «Հայաստանում անվտանգության և խաղաղության գործընթացներում կանանց մասնակցության հեռանկարները» հետազոտության արդյունքները ներկայացրեց ծրագրի գործընկեր «Կանանց տեղեկատվական – վերլուծական ցանց» ՀԿ ղեկավար Թամարա Հովնաթանյանը։ Զեկույցն ամփոփում է 2022 թ. hոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանի Տավուշի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի ներկայացուցիչների մասնակցությամբ իրականաց[1]ված հետազոտության արդյունքները։
Հաջորդիվ ծրագրի թիրախ մարզերից համակարգողները և ծրագրում ներգրավված փորձագետները պանելային քննարկման շրջանակում խոսում են արձանագրված խնդիրների, դրանց ուղղությամբ առաջարկների մասին։ Մարզային համակարգողները ներկայացրին նաև Կանայք-անվտանգություն-խաղաղություն համագործակցային նախաձեռնության գործունեությունը։
Ծրագրի շրջանակում իրականացված իրազեկման հանդիպումներին մասնակցել է Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզից շուրջ 115 կին։ Ծրագրի շահառու կանանց մի խումբ ձևավորել է Կանայք-անվտանգություն-խաղաղություն համագործակցային ցանց՝ շուրջ 35 անդամներից։
Համաժողովը եզրափակվեց Մուղդուսյան արվեստի կենտրոնի «Զորեղները» թեմատիկ թատերական ներկայացմամբ՝ մեր օրերի, կանանց և նրանց կարողությունների վերաբերյալ։ Ներկայացումը բեմադրվել է ծրագրի շրջանակում, այն դիտել և դրան հաջորդած քննարկումներին մասնակցել է շուրջ 170 մարդ։
Ծրագրի շրջանակում հրապարակվել են տասը լրագրողական հոդվածներ պատերազմից տուժած և իրենց մեջ ուժ գտած կանանց մասին։
Համաժողովի առաջին մասն ուղիղ հեռարձակվեց Factor TV-ի եթերում։
Այլ լուսանկարներ հասանելի են ԱՅՍՏԵՂ
Այս հոդվածը ստեղծվել է «Կանանց մասնակցության խթանում անվտանգության և խաղաղության գործընթացներում» ծրագրի շրջանակում, Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ` «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ»-ի (ՊԽԼԻ) կողմից տրամադրված ենթադրամաշնորհի միջոցով։ Բոլոր կարծիքները, բացահայտումները և եզրահանգումները պատկանում են հեղինակ/ներ/ին և պարտադիր չէ, որ համընկնեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշման կամ ՊԽԼԻ-ի տեսակետների հետ։
Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից «Կանանց տեղեկատվական-վերլուծական ցանց» ՀԿ-ի և Մուղդուսյան արվեստի կենտրոնի հետ համատեղ։
Ծրագիրը ֆինանսավորվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) կողմից՝ Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ: