Skip to main content
ԼուրերԿանայք քաղաքականության մեջ 2․0 ծրագիր - առնչվող լուրեր

Ինչպիսին է սոցիալական քաղաքականությունը Հայաստանում՝ գենդերային հավասարության տեսանկյունից․ երկխոսության հանդիպում Գյումրիում

Հուլիսի 31-ին Գյումրիում էինք՝ տեղի մասնագետների, այդ թվում՝ պետական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, և շահառուների հետ քննարկելու, թե ինչպիսին է սոցիալական քաղաքականությունը Հայաստանում՝ գենդերային հավասարության տեսանկյունից, ինչ դրական ազդեցություն կա, ինչ բացեր։

Սա ՕքսԵՋեն հիմնադրամի՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակում հերթական երկխոսության հանդիպումն էր, նախորդը՝ մայիսին էր Գորիսում։

Երկխոսության միջոցառումների նպատակն է՝ մարզերում հավաքագրել խնդիրները, դրանց ուղղված առաջարկներն ու լուծման մեխանիզմները, ապա դրանք քննարկվում են փորձագետների խմբում, գնահատվում և ներառվում հետագա ջատագովության գործընթացներում։

Քննարկումը բացեց ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը։ Հանդիպմանը ներկա էր նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Անի Թաթոյանը, ինչպես նաև Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչ Լիլիթ Մուրադյանը։ Վերջիններս ողջունեցին ներկաներին և կարևորեցին նման հանդիպումների անցկացումը, որոնք հնարավորություն են տալիս լսելու բոլոր կողմերին, այդ թվում՝ քննարկվող գործընթացների իրական շահառուներին։ Քննարկումը վարեց սոցիալական ոլորտի փորձագետ Յուլիանա Մելքումյանը:

Մասնակիցները բուռն քննարկում ունեցան առաջարկված հարցերի շուրջ, ներկայացրին՝ ինչ խնդիրներ են առաջանում գործնականում դրանց առնչվելիս, ինչպես նաև իրենց լուծման տարբերակները նշեցին։

Այս և այլ քննարկումների արդյունքում կմշակվի համապատասխան քաղաքականության համառոտագիր, որտեղ կարտացոլվեն քննարկումների արդյունքները և կներկայացվեն համապատասխան առաջարկություններ։

 

«Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։

Նյութը պատրաստվել է Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը։ Նյութում արտահայտված կարծիքները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ արտացոլեն ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տեսակետները։