Ծրագրի նպատակն է խթանել կանանց մասնակցությունը անվտանգության և խաղաղության գործընթացներում Հայաստանի սահմանամերձ շրջաններում: Ծրագրի շահառուներն են Տավուշի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում գործող ՔՀԿ-երը, ՏԻՄ ներկայացուցիչները և սահմանամերձ համայնքներում բնակվող կանայք (ներառյալ՝ տեղահանված)։
Ծրագիրն ունի 2 հիմնական ուղղություն՝ իրազեկվածության բարձրացում և իմաստալից մասնակցություն, որոնց վերջնարդյունքը շահառուների կարողությունների զարգացումն է՝ նրանց առավել արդյունավետ, վստահելի և հաշվետու դարձնելու համար։
Ծրագրի գործողությունները
- Համապարփակ հետազոտություն կիրականացվի Հայաստանում անվտանգության և խաղաղության ոլորտում տեղական և ազգային մակարդակներում կանանց ներգրավվածության հեռանկարների վերաբերյալ։
- Ինտերակտիվ իրազեկումը կներառի անվտանգության և խաղաղության ապահովման գործում դերակատարություն ունեցած կանանց պատմությունների վրա հիմնված տասը լրագրողական հոդվածների հրապարակում և երեք թատերական ներկայացումների ցուցադրում թիրախային մարզերում։ Մարզային մակարդակով կկազմակերպվեն տեղական քննարկումներ, որոնց նպատակը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի N 1325 բանաձևի վրա հիմնված Հայաստանի Գործողությունների ազգային երկրորդ ծրագրից բխող անվտանգության և խաղաղության գործընթացներում կանանց ներգրավվածության վերաբերյալ քաղաքական երկխոսությունների խթանումն է։
- Կանայք-անվտանգություն-խաղաղություն գործընկերության/ցանցի ձևավորում՝ բաղկացած վերոնշյալ երեք թիրախային մարզերի կին ակտիվիստներից, ՏԻՄ և ՔՀԿ ներկայացուցիչներից և փորձագետներից։ Նպատակը տեղական ներուժի օգտագործման միջոցով N 1325 բանաձևի դրույթների իրականացման 2022-2024 թթ․ գործողությունների ծրագրի առավել մասնակցային և տեղայնացված իրականացումն է։ Կարողությունների զարգացման աշխատաժողովը Երևանում և իրազեկվածության բարձրացման հանդիպումները մարզերում հնարավորություն կտան ցանցի անդամներին հարստացնել գիտելիքները Գործողությունների ազգային ծրագրի դրույթների և դրանց իրականացման վերաբերյալ։
- Մշտադիտարկում և գնահատում (ՄԳ)։ Աշխատանքային խմբի կողմից Գործողությունների ազգային երկրորդ ծրագրի իրականացման գործընթացը մշտադիտարկելու և գնահատելու համար կմշակվի ՄԳ շրջանակ և կներկայացվի ազգային, տարածաշրջանային և տեղական մակարդակների բոլոր շահագրգիռ կողմերին։
- Ազգային համաժողովի ընթացքում շահագրգիռ կողմերին և հանրությանը կներկայացվեն ծրագրի ընդհանուր և մասնավորապես՝ Գործողությունների ազգային ծրագրի իրականացման առաջին տարվա արդյունքները։
Ծրագիրն իրականացվում է OxYGen հիմնադրամի կողմից «Կանանց տեղեկատվական-վերլուծական ցանց» ՀԿ-ի և Մուղդուսյան արվեստի կենտրոնի հետ համատեղ։
Ծրագիրը իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ` «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ»-ի (ՊԽԼԻ) կողմից տրամադրված ենթադրամաշնորհի միջոցով։
Ծրագրի տևողությունը՝ 2022 թ․ հոկտեմբեր – 2023 թ․ մարտի 14