Skip to main content
Ավարտված ծրագրեր

Բռնի տեղահանված կանանց և աղջիկների համար ապահով տարածքների ստեղծում Հայաստանում

Լեռնային Ղարաբաղի 10-ամսյա շրջափակումը, երբ մարդիկ զրկված էին հիմնարար կարիքները հոգալու հնարավորությունից (սնունդ, հիգիենա, առողջապահություն ևն) և էթնիկ հայերի նկատմամբ Ադրբեջանի ռազմական հարձակումը ստիպեցին նրանց լքել իրենց տները և փրկություն փնտրել Հայաստանում։ Հայաստանն ընդունել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 100,000 էթնիկ հայերի, որից 52%-ը՝ կանայք։ Նրանք գենդերային բռնության ենթարկվելու և տեղահանման հետևանքով տրավմա ունենալու բարձր ռիսկ ունեն։ Կանանց և աղջիկների համար ապահով տարածքների ստեղծումը արձագանք է այդ ճգնաժամին և ուղղված է այն մարտահրավերներին, որոնց առնչվում է այս խոցելի խումբը։ Ապահովություն, աջակցություն տրամադրելով և իրավազորելով՝ այս նախաձեռնությունը նպաստում է կանանց բարեկեցությանն ու դիմակայունությանը։ 

Ծրագրի նպատակներն են 

  • Հիմնել կանանց և աղջիկների ապահով տարածքներ, որտեղ բռնի տեղահանված կանայք և աղջիկները կարող են սոցիալականացվել, ներառվել և զարգացնել իրենց հմտությունները, գտնել ապահովություն ևպաշտպանություն բռնությունից ու մարգինալացումից։
  • Ապահովել հասանելիություն հիմնական ծառայություններին՝ հետտրավմատիկ հոգեբանական աջակցություն, իրավական աջակցություն և լրացուցիչ կրթություն՝ զարգացնելու հմտությունները և բավարարելու տեղահանված կանանց տարբեր կարիքներ, և հնարավորության դեպքում ընդլայնել այս ծառայությունների հասանելիությունը նաև տեղացի կանանց համար՝ խթանելով սոցիալական ներառումը և միասնականությունը համայնքում։
  • Աջակցել տեղահանված կանանց՝ կիրառելու իրենց հմտություններն ուկարողությունները և ստեղծել պրոդուկտներ ու ծառայություններ, որոնք օգտակար կլինենն ոչ միայն տեղահանված կանանց, այլև տեղի համայնքների համար՝ խթանելով սոցիալական ներառումը, ներգրավումը և տնտեսական իրավազորումը։

Ծրագիրը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից և իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ։