Skip to main content
Լուրեր

Մեկնարկում է Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյա ակտիվության քարոզարշավը

Այսօր՝ նոյեմբերի 25-ին՝ Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրը, մեկնարկում է Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյա ակտիվության քարոզարշավը։

1991 թվականից ի վեր, ՄԱԿ-ի  նախաձեռնությամբ, ամեն տարի նոյեմբերի 25-ից մինչեւ դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների միջազգային օրը, աշխարհի մարդիկ բարձրացնում են իրենց ձայնն ընդդեմ կանանց ու աղջիկների նկատմամբ բռնության։

Այս տարի 16-օրյակը նշվում է «ՄԻԱՎՈՐՎԵ՛ՆՔ կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը վերացնելու  համար» կարգախոսի ներքո։

«Կանայք քաղաքականության մեջ» ծրագիրը միանում է #ԸնդդեմԳենդերայինԲռնության #ակտիվության16օրյակ-ին: Առաջիկա 16 օրերին ՕքսԵՋենի ֆեյսբուքյան էջում էջում կլինեն թեմային վերաբերող նյութեր` ընդգծելու համատեղ ջանքերի, կանանց առաջնորդության զարգացման կարեւորությունը կանանց եւ աղջիկների դեմ բռնության հաղթահարման գործում։

Վիճակագրություն

ՄԱԿ-ի տվյալներով՝

  • կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը շարունակում է մնալ աշխարհում մարդու իրավունքների ամենատարածված խախտումը, որից տուժում է ամեն 3 կնոջից 1-ը, և այդ  ցուցանիշը  գրեթե չի փոխվել վերջին տասնամյակի ընթացքում.
  • բռնության ենթարկված կանանց 60 տոկոսից ավելին չի դիմում որևէ տեսակի օգնություն ստանալու համար․
  • միջին հաշվով ամեն ժամ աշխարհում ավելի քան 5 կին կամ աղջիկ է սպանվում իր ընտանիքից որևէ մեկի կողմից:  Սա նշանակում է՝ միջին հաշվով 11 րոպեն մեկ աշխարհում  մեկ կին կամ աղջիկ է սպանվում իր հարազատների կամ զուգընկերոջ կողմից։

Հայաստանում՝

  • զուգընկեր ունեցած 15-59 տարեկան կանանց 14.8%-ը երբևէ կյանքի ընթացքում ամուսնու (զուգընկերոջ) կողմից ենթարկվել է ֆիզիկական բռնության՝ վկայում են Հայաստանում կանանց նկատմամբ ընտանեկան բռնության հետազոտության տվյալները․
  • Ընդ որում, կանանց մեծ մասը՝ 67%-ը, ոչինչ չի անում բռնությունից պաշտպանվելու կամ բռնությանը պատասխանելու համար։
❗️ Ըստ ՀՀ Ոստիկանության տվյալների՝
🟠 2022 թ․ հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում գրանցվել է ընտանեկան բռնության 295 դեպք։
🟠 Ընտանեկան բռնության դեպքեր առավել շատ գրանցվում են մայրաքաղաք Երևանում, ապա Շիրակում, Արմավիրում, Կոտայքում, Արարատում։
❗️ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի տվյալներով`
💔 Այս տարվա ընթացքում Հայաստանում 1️⃣0️⃣ կին է սպանվել ընտանեկան բռնության հետևանքով. ➡️ https://bit.ly/3u02XVL
🟠 Կոալիցիայի թեժ գծին այս տարվա հունվար-օգոստոսին 4808 հեռախոսազանգ է եղել, մինչդեռ նախորդ տարիներին ողջ տարվա ընթացքում էր 4000-5000 հեռախոսազանգ լինում:

Խթանելով կանանց առաջնորդությունը՝ կանխարգելենք կանանց նկատմամբ բռնությունը

#ԸնդդեմԳենդերայինԲռնության ակտիվության 16-օրյակի համատեքստում ընդգծվում է կանանց #առաջնորդության զարգացման կարևությունը՝ որպես կանանց ու աղջիկների իրավունքների և հնարավորությունների խթանման, կանանց ու աղջիկների դեմ բռնության կանխարգելման կարևոր միջոց։

Ըստ «ՄԱԿ-Կանայք» կառույցի՝ կանանց ներկայացվածությունը որոշումների կայացման մակարդակում օգնում է երաշխավորել, որ կանանց և աղջիկների կարիքները դիտարկվեն առաջնային և առանցքային՝ ճգնաժամային արձագանքման, մարդասիրական, սոցիալական և բոլոր այլ տեսակի քաղաքականություններ սահմանելիս և իրականացնելիս:

Այսօրվանից սկսած մինչև դեկտեմբերի 10-ը, #ակտիվության16օրյակի շրջանակում ՕքսԵՋենի ֆեյսբուքյան էջում կներկայացնենք Հայաստանի տարբեր մարզերի հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ կանանց դիրքորոշումները կանանց իրավունքների, կանանց նկատմամբ խտրականության և բռնության հաղթահարման, կանանց առաջնորդության և այլ հարցերի շուրջ:

———

Նախաձեռնությունն իրականացվում է «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի ներքո՝ ընդգծելու համատեղ ջանքերի, կանանց #առաջնորդության զարգացման կարևորությունը կանանց և աղջիկների իրավունքների և հնարավորությունների ընդլայնման, նրանց դեմ բռնության հաղթահարման գործում․ https://cutt.ly/d1uTObz

Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության Լավ կառավարման հիմնադրամի (UK GGF) կողմից և իրականացվում ՄԱԶԾ Հայաստանի կողմից՝ ՕքսԵՋեն հիմնադրամի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ։ Ծրագրի մասին՝  https://cutt.ly/P1umqR1