Skip to main content
ԼուրերՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում - առնչվող լուրեր

Ազդարարվեց «ՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի մեկնարկը

2023 թ․ ապրիլի 18-ին Երևանում ազդարարվեց «ՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի մեկնարկը։ Ծրագիրը միտված է բարձրացնելու կանանց դերը և իրավազորելու նրանց՝ երկրում սոցիալական փոփոխությունների հասնելու համար։ Այն համապատախան աջակցություն է ցուցաբերում կանանց՝ իրենց քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային իրավունքներն իրացնելու համար՝ թիրախում ունենալով հատկապես խոցելի խմբերի ներկայացուցիչներին։ 

Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի, «Նիդեռլանդների հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից՝ «Վիննեթ Շվեդիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ:

Մասնակիցներին ողջունեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն․Գ․ Անդրեա Վիկտորինը։ 

Նա իր ելույթում նշեց. «Հայաստանում կանանց հզորացումը ոչ միայն բարոյահոգեբանական հրամայական է, այլև իրական ներդրում հանուն երկրի ապագայի: Նպաստելով գենդերային հավասարությանը, վերացնելով խոչընդոտները և ընդլայնելով կանանց հասարակական կյանքի բոլոր ասպեկտներին լիարժեք մասնակցելու հնարավորություններ՝ մենք կարող ենք ամբողջությամբ բացահայտել նրանց ներուժը և առաջ մղել երկիրը դեպի ավելի արդար և բարգավաճ Հայաստան: Եկեք բոլորս միասին աշխատենք հանուն ավելի պայծառ ապագայի, որտեղ Հայաստանում ապրող բոլոր կանայք կարող են իրականացնել իրենց երազանքներն ու հավակնությունները՝ նպաստելով իրենց համայնքների և երկրի տնտեսական աճին ու բարեկեցությանը»:

ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանն իր ողջույնի խոսքում անդրադարձավ ներկա իրավիճակին․ «Չնայած դրական փոփոխություններին՝ Հայաստանում կանանց և աղջիկների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնությունն ու խտրականությունը դեռևս շարունակվում են՝ սահմանափակելով նրանց ներգրավվածությունը քաղաքական և սոցիալ-տնտեսական կյանքին»։ Նա շեշտեց, որ գենդերային հավասարությունը, կանանց քաղաքական մասնակցության խթանումն ու իրավազորումը, կանանց աշխատանքային իրավունքները ՕքսԵՋեն հիմնադրամի ռազմավարական առաջնահերթություններն են․  «Մենք տարիներ շարունակ գործընկերների և այլ շահագրգիռ կողմերի հետ աշխատում ենք այդ ուղղությամբ՝ նպաստելով գենդերային հավասարությանը՝ պետական քաղաքականությունների բարելավման և օրենսդրական բարեփոխումների միջոցով: ՀԱՎԱՍԱՐԸ որդեգրել է իրավունքահեն մոտեցում և հնարավորություն է տալիս ունեցած ձեռքբերումների հիման վրա շարունակել մեր աշխատանքն այդ ուղղությամբ՝ հասնելու սոցիալական փոփոխությունների»։

ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ևս ողջունեց ներկաներին և հայտնեց իր պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը՝ կանանց ներգրավվածությանը, գենդերային հավասարությանն ուղղված ծրագրերում։

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյանն էլ իր ողջույնի խոսքում նշեց, որ գենդերային հավասարությանն հիմնախնդիրները տևական համագործակցային ջանքեր են պահանջում։ 

Մեկնարկի միջոցառման ընթացքում ծրագրի գործընկերները միջազգային կազմակերպությունների, ՀՀ Կառավարության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչներին, պատգամավորներին ներկայացրին հիմնական երեք բաղադրիչների (Գենդերային բռնության բացառում, Տնտեսական իրավազորում և սոցիալական իրավունքներ, Առաջնորդություն, մասնակցություն և երկխոսություն) շրջանակում իրականացվելիք գործողությունները և ակնկալվող արդյունքները:

Ծրագրի շրջանակում․

  • Քաղաքացիական հասարակության 35 կազմակերպություն, այդ թվում՝ կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպություններ, իրավազորում են կանանց և աղջիկներին՝ կաողությունների զարգացման, նորարարական ծրագրավորման և քաղաքականության ուղղությամբ աշխատանքներ տանելու միջոցով; 
  • 725 կին և աղջիկ (10%-ը՝ հաշմանդամություն ունեցող կանայք, 15%-ը՝ երիտասարդ աղջիկներ) պատրաստ են պայքարելու սեռական և գենդերային բռնության դեմ;
  • Թիրախային 5 մարզում գենդերային բռնության հետ առնչվող 750 կին և աղջիկ ունեն հասանելիություն անհրաժեշտ ծառայությունների, այդ թվում՝ թեժ գծի, սոցիալական, խորհրդատվական ծառայությունների, թերապիայի և իրավական օգնության;
  • Թիրախային 5 մարզում ընտանեկան բռնությունից տուժած 60 կին և աղջիկ ստանում են անցումային կացության և ապաստանի ծառայություններ;
  • Գենդերային բռնության և ընտանեկան բռնության սպառնալիքի տակ գտնվող 225 կնոջ և աղջկա համար կարողությունների զարգացում՝ գործարարության և ձեռներեցության ուղղությամբ;
  • 30 փոքր դրամաշնորհ՝ ի աջակցություն նորարարական նախաձեռնություններին՝ կանանց ձեռներեցությունը խթանելու և աշխատաշուկան կանանց հասանելի դարձնելու նպատակով;
  • «ՀԱՎԱՍԱՐԸ» ոչ ֆորմալ ցանցի ստեղծում՝ Հայաստանում գենդերային հավասարության ուղղությամբ աշխատող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և միավորումների համար;
  • 25 մեդիա ներկայացուցիչ և կին առաջնորդ կարողություններ են ձեռք բերում ատելության խոսքի մշտադիտարկման և հատկորոշման ուղղությամբ՝ կիրառելով սոցիալական մեդիայի մշտադիտարկման վերջին միտումներն ու տեխնիկաները;
  • 12 ենթադրամաշնորհ է տրամադրվում ՔՀԿ-ներին` գենդերային հավասարության խաչաձևվող խնդիրների շուրջ
  • Սեռական և գենդերային բռնությանը հակազդող և գենդերային հավասարությունը խթանող քաղաքականության, օրենսդրական փոփոխությունների և կարգավորումների մասով առաջարկությունների ներկայացում/ընդունում։

Ծրագրի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ: