Սոցիալական և աշխատանքային իրավունքների պաշտպանությունն ամրապնդելու նպատակով տարատեսակ գործողություններ կիրականացվեն ենթադրամաշնորհային պայմանագրի շրջանակում, որը ստորագրեցին «ՕքսԵՋեն» հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը և «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի (ԵՀՀ) նախագահ Գևորգ Տեր-Գաբրիելյանը։ Գործողություններն ուղղված կլինեն մասնավորապես աշխատանքային իրավունքի կրողների իրավազորմանը և արհեստակցական միությունների գործունեության խթանմանը։
Ծրագրի շրջանակում ԵՀՀ-ն կհամակարգի թվային տեխնոլոգիաների հիման վրա անվտանգ թեժ գծի փորձնական գործարկումը մարզային երկու Ինֆոտների միջոցով։ Տեղեկատվական տարատեսակ նյութերի տարածման միջոցով մարզերում կբարձրացվի աշխատողների իրազեկվածությունը թեժ գծի օգտագործման հնարավորության վերաբերյալ։ Հաջորդ փուլում աշխատողները կկիրառեն թվային գործիքները՝ տեղեկացնելու աշխատավայրում հանդիպած տարատեսակ խնդիրների մասին, իսկ Ինֆոտները թվային գործիքի միջոցով կվերլուծեն հավաքված տվյալները։ Արդյունքում կհայտնաբերվեն աշխատանքային իրավունքների ամենից տարածված խախտումները, կվերլուծվեն քաղված դասերը՝ մոդելը ներկայացնելու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ու Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին, ինչպես նաև մարդու իրավունքների հարցերով զբաղվող այլ կազմակերպություններին՝ ազգային մակարդակում կիրառելու համար։
Բացի դրանից, քայլեր կձեռնարկվեն հաշտարարության ինստիտուտի բարելավման ուղղությամբ՝ ապահովելու դրա պատշաճ գործնական կիրառումն ու արդարադատության հասանելիությունը՝ ի շահ հանրության։ Կհետազոտվեն աշխատանքային վեճերը հաշտարարության միջոցով լուծելու հնարավորությունները՝ առաջարկություններ ներկայացնելու Քաղաքացիական դատավարության օրենսգրքի, Աշխատանքային օրենսգրքի, «Հաշտարարության մասին» օրենքի, «Արհեստակցական միությունների մասին» օրենքի և այլ վերաբերելի իրավական ակտերի վերլուծության հիման վրա։
Կիրականացվեն նաև մի շարք գործողություններ (աշխատաժողովներ, կարողությունների զարգացման գործողություններ, տեխնիկական և ֆինանսական աջակցություն 2 արհմիությունների, որոնք պատրաստակամ կլինեն կիրառելու կառավարման նոր մոդելը)՝ խթանելու Հայաստանում արհեստակցական միությունների զարգացումը։
Արդյունքում՝ ծրագրի ավարտին ակնկալվում է, որ աշխատողները իրավազորված կլինեն՝ բարձրացնելու իրենց աշխատանքային իրավունքների խախտման հետ կապված հարցեր, որոշարկված կլինեն աշխատանքային իրավունքների ամենից տարածված խախտումները, փորձարկված կլինի աշխատանքային իրավունքների հարցերով արձագանքման թվային գործիքը, գնահատված կլինեն հաշտարարության միջոցով աշխատանքային իրավունքների հարցերին արձագանքման հնարավորությունները, ընտրված արհմիությունները կունենան կառավարման նոր մոդելի կիրառման կարողություններ։
Գործողություններն իրականացվելու են «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի, «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ. Հայաստան» ՀԿ-ի կողմից՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
Ծրագրի շրջանակում այլ գործընկերների հետ իրականացվող գործողությունները ներառում են․
- «Քաղաքացու ձայն և նախաձեռնություն»՝ բազմաթիվ գործընկերներ ներառող քաղաքականության հարթակի համակարգում․ հարթակի միջոցով խորհրդատվություն կիրականացվի աշխատանքային իրավունքների խախտումների և խտրականության խնդիրներին անդրադարձող հանրային քաղաքականությունների մշակման և իրականացման վերաբերյալ․
- Աշխատանքային և սոցիալական իրավունքների վերաբերյալ բազմաչափ հետազոտության իրականացում՝ Հայաստանում աշխատանքային իրավունքների հարցերի վերաբերյալ ծանրակշիռ փաստեր հավաքելու ընդհանուր նպատակով․
- Աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության ուղղությամբ հանրային իրազեկման արշավի իրականացում՝ կրթական հիմնավոր բաղադրիչով։ Կանանց ու երիտասարդների աշխատանքային իրավունքների խնդիրը տեղեկատվական արշավի առանցքում է։
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Դրա բովանդակության համար պատասխանատու է «ՕքսԵՋեն» հիմնադրամը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։