Skip to main content
Աշխատաշուկայում կանանց մասնակցության խթանում - առնչվող լուրերԼուրեր

Կանանց մասնագիտական զարգացման ցանցի մեկնարկը տրված է

Սեպտեմբերի 16-ին «Աշխատաշուկայում կանանց մասնակցության խթանում» ծրագրի շրջանակում առցանց ձևաչափով տեղի ունեցավ Կանանց մասնագիտական զարգացման ցանցի առաջին հանդիպումը, որին մասնակցում էին ցանցին անդամագրված 20 կանայք, այդ թվում՝ խոցելի խմբերի ներկայացուցիչներ, ՕքսԵՋեն հիմնադրամի, Սոլիդարիթի Սենթեր հայաստանյան և Վրաստանի մասնաճյուղերի ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ։

Մասնակիցներին ողջունելով՝ Սոլիդարիթի Սենթեր հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Տետիանա Սոլոդովնիկը նշեց, որ հանդիպումն առցանց է անցկացվում երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված։ «Հույս ունեմ, որ իրավիճակը արագ կկարգավորվի, և հաջորդ հանդիպումները կլինեն դեմ առ դեմ։ Մենք լիահույս ենք, որ այս ծրագիրը, որն իրականացվում է Հայաստանում և Վրաստանում, օգտակար կլինի ձեզ համար ինչպես աշխատանքային շուկա դուրս գալու, այնպես էլ ձեր աշխատանքային իրավունքներն իմանալու առումով»,- նշեց նա։

ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը շնորհակալություն հայտնեց բոլորին մասնակցության համար և կարևորեց, որ ցանցի անդամ կանայք աշխատանքային իրավունքների մասին իրենց ստացած գիտելիքն ու ձեռք բերած հմտությունը փոխանցեն նաև այլոց: «Այդպիսով ցանցի գաղափարը կաշխատի իրականում»,- ասաց նա։

Մասնակցիներին ողջունեցին նաև «Աշխատաշուկայում կանանց մասնակցության խթանում» ծրագրի Վրաստանի ներկայացուցիչները։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ցանցին միանալու հարցում ձեր հետաքրքրվածության համար։ Այս ծրագիրը հատկապես կարևոր է մեր թիմի համար և անձամբ ինձ համար՝ որպես կին: Այս ցանցին միանալը կարևոր է, քանի որ կարևոր է, որ կանանց համար հասանելի լինի արժանապատիվ աշխատանքը, որ նրանք տեղեկացված լինեն իրենց աշխատանքային իրավունքներից և կարողանան կիրառել դրանք։ Հուսով եմ՝ հանդիպումը կլինի թե ոգեշնչող, թե ինֆորմատիվ»,- ասաց Վրաստանի ծրագրի համակարգող Սալոմե Քաջայան՝ ավելացնելով, որ նույն միջոցառումը առաջիկա օրերին նախատեսվում է նաև Վրաստանում, իսկ հետագայում նախատեսվում են համատեղ միջոցառումներ։ Իսկ նրա գործընկեր Պաատա Բելթաձեն ավելացրեց, որ ծրագիրը նոր հնարավորություններ կբացի մեր երկրներում կանանց համար՝ մտնելու աշխատանքային այնպիսի ոլորտներ, որտեղ ավանդաբար գերակշռում են տղամարդիկ։

ՕքսԵՋեն հիմնադրամի ծրագրի պատասխանատու Մերի Մուրադյանը ներկայացրեց «Աշխատաշուկայում կանանց մասնակցության խթանում» ծրագիրը։

Ծրագրի հիմքում աշխատաշուկայում և Հայաստանի տնտեսության մեջ կանանց լիարժեք մասնակցությունը խթանելու գաղափարն է, որն իրականացվելու է նաև  Կանանց մասնագիտական զարգացման ցանցի միջոցով։ Ցանցում ներգրավված կլինեն 40 կանայք և աղջիկներ, որոնք ծրագրի արդյունքում քաջատեղյակ կլինեն իրենց աշխատանքային իրավունքներից և իրավազորված՝ պահանջելու իրենց և այլոց աշխատանքային իրավունքների պաշտպանությունը։ Այն լինելու է հարթակ, որի միջոցով աշխատաշուկայում պահանջված հմտությունների վերաբերյալ  տեղեկությունները հասանելի կլինեն անդամներին, և նրանք կունենան իրենց այդ հմտությունները  զարգացնելու հնարավորություն։

Ցանցի անդամների հետ աշխատելու են տարբեր ոլորտներում մասնագիտացած մենթորներ ու դասընթացավարներ, այդ թվում՝ իրենց մասնագիտության մեջ հաջողակ կանայք, որոնք մասնակիցներին կօգնեն ավելի լավ պատկերացնել իրենց աշխատանքային իրավունքները, պատրաստ լինել աշխատանքային հարաբերությունների դաշտ մտնելու, գտնել իրենց կարիքներին ու հմտություններին համապատասխան դասընթացներ։

Հանդիպման հաջորդ մասում փորձագետ Սոնա Գրիգորյանի համակարգմամբ ինտերակտիվ քննարկում էր, որի ընթացքում մասնակիցները ներկայացրեցին իրենց կարիքներն ու ծրագրից ակնկալիքները։

Ստորև՝ դրանց մի մասը․

  • ծանոթանալ աշխատանքային թրաֆիքինգի իրավական կարգավորումներին․
  • ծանոթանալ աշխատանքային իրավունքների ոտնահարումների հետ կապված նոր կարգավորումներին․
  • ձեռք բերել գործնական և տեսական հմտություններ․
  • հաշմանդամություն ունեցող կանանց համար աշխատանք գտնելու հնարավորություններ․
  • ձեռք բերել պրակտիկ գիտելիքներ, փոխանցել այլոց․
  • ավելի լավ աշխատանք գտնելու հնարավորություն․
  • նեղ մասնագիտական հմտություններ․
  • խոցելի խմբերի համար իրական ծրագրեր՝ անհատական մոտեցմամբ․
  • նպաստել հասարակության մեջ իրավիճակի փոփոխությանը․
  • նոր ծանոթություններ, կապեր ձեռք բերել։

Վերջին հատվածում փորձագետներ Էլեն Մանասերյանը և Մարիամ Վարդանյանը խոսեցին աշխատանքային իրավունքների հիմունքների և աշխատաշուկայում ներառականության խնդրի մասին:

Ամփոփելով՝ ՕքսԵՋենի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը նշեց, որ շատ կարևոր անկյունաքարեր դրվեցին առաջին հանդիպմամբ, շատ կարևոր թեմաներ շոշափվեցին, իսկ հետագայում կլինեն բազմաթիվ այլ հնարավորություններ այդ թեմաները ավելի ընդարձակելու, բարձրաձայնված բոլոր ակնկալիքների հասցեագրման համար։ «Ձեր ակնկալիքները դրվելու են հետագա քննարկումների հիմքում, և ամեն ինչ արվելու է, որ ցանցը կայանա»,- ասաց նա։

«Աշխատաշուկայում կանանց մասնակցության խթանում» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից Սոլիդարիթի Սենթեր հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ։