Skip to main content
Լուրեր

Միացեք մեզ՝ առաջ մղելու Ձեր և այլոց աշխատանքային իրավունքները. հայտերի ներկայացման հրավեր

Եթե Դուք՝

  • երիտասարդ աշխատող կին եք կամ կին եք, որն աշխատանք է փնտրում․
  • զբաղվածության նոր հնարավորությունների փնտրտուքում համոզվել եք, որ ավելի շատ պրակտիկ հմտությունների և կարողությունների կարիք ունեք․
  • սովորելու և գիտելիքն այլոց հետ կիսելու մեծ ձգտում և ցանկություն ունեք․
  • պատրաստ եք դառնալ ցանցի անդամ՝ ստանալու և փոխանցելու տեղեկություններ, հմտություններ, կարողություններ և մասնակցելու շահերի պաշտպանության համատեղ ջանքերի, ապա՝

Սոլիդարիթի Սենթեր հայաստանյան մասնաճյուղը և ՕքսԵՋեն հիմնադրամը սիրով հրավիրում են միանալ կանանց մասնագիտական զարգացման ցանցին։

Մեր նպատակն է խթանել կանանց լիարժեք մասնակցությունը աշխատաշուկայում և Հայաստանի տնտեսության մեջ։ Ցանցը ձգտելու է միավորել շահագրգիռ կողմերի ջանքերը հանուն աշխատավայրում կանանց ու տղամարդկանց հավասար հնարավորությունների, աշխատաշուկայում գենդերային խտրականության հաղթահարման և կանանց իրավազորման։

Ցանցը հարթակ է ապահովելու, որի միջոցով կանանց համար հասանելի կլինեն աշխատաշուկայի պահանջարկի վերաբերյալ տեղեկությունները, և նրանք կունենան համապատասխան հմտություններ զարգացնելու հնարավորություն։

Ցանցի անդամները հնարավորություն կունենան մասնակցելու տարբեր դասընթացների՝ գիտելիք ստանալու հետևյալ ոլորտների վերաբերյալ․

  • աշխատանքային իրավունքներ,
  • աշխատանքի որոնման և աշխատանքի դիմելու հմտություններ,
  • առաջնորդություն,
  • մասնագիտական զարգացում և այլն։

Ցանցի անդամների հետ աշխատելու են տարբեր ոլորտներում աշխատող մենթորներ ու դասընթացավարներ, այդ թվում՝ իրենց մասնագիտության մեջ հաջողակ կանայք, որոնք մասնակիցներին կօգնեն ավելի լավ պատկերացնել իրենց աշխատանքային իրավունքները, պատրաստ լինել աշխատանքային հարաբերությունների դաշտ մտնելու, գտնել իրենց կարիքներին համապատասխան դասընթացներ և այլն։ Մենթորներն անհրաժեշտության դեպքում ցանցի անդամներին խորհրդատվություն կտրամադրեն մասնագիտության ընտրության հարցերով՝ փոխանցելով իրենց փորձը, ինչպես նաև կմասնակցեն շահերի պաշտպանության և համայնքային զարգացման նախաձեռնություններին:

Ցանցին անդամակցելու համար խնդրում ենք լրացնել ԿԻՑ ՀԱՅՏԸ մինչ ս․թ օգոստոսի 28-ը ներառյալ։

Ցանցի մասնակիցների նախնական ընտրությունը կկատարվի լրացված հայտերի հիման վրա։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել ՕքսԵՋեն հիմնադրամի հաղորդակցության պատասխանատու Արմինե Անտոնյանին (էլ փոստ՝ [email protected], հեռ․՝ 093 226051):