Skip to main content
ԼուրերԾրագրերՊտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության... - առնչվող հոդվածներ

Կարողությունների զարգացման հնարավորություն լրագրության բաժինների ուսանողների համար․ ընդունվում են հայտեր

ՕքսԵՋեն հիմնադրամը լրագրության բաժինների ուսանողների կարողությունների զարգացման նպատակով սկսում է նախաձեռնություն, որի շրջանակում մասնակիցները հնարավորություն կունենան բարձրացնելու իրենց իրազեկվածության մակարդակը «Պտղի սեռի խտրական ընտրության տարածվածությունն ու պատճառները Հայաստանի Հանրապետությունում» հետազոտության և առհասարակ խնդրի զգայունության վերաբերյալ, ինչպես նաև բարելավելու կարողությունները՝ թեմայի լուսաբանման հարցում։

Նախաձեռնությունն իրականացվում է «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության և հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավային Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային և Հարավ-Հարավ նախաձեռնություններին» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) կողմից՝ ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և ՄԱԲՀ-ի կողմից։

Ովքեր կարող են դիմել

ՀՀ բուհերի լրագրության բաժինների 3-րդ և բարձր կուրսերի ուսանողներ, որոնք հետաքրքրված են թեմայով և պատրաստ են ծրագրի ավարտին ստեղծելու լրագրողական թեմատիկ նյութեր՝ ստանալով բովանդակային աջակցություն։

Ինչ փուլերից է բաղկացած լինելու այս նախաձեռնությունը

Փուլ 1․ ուսանողների հավաքագրում (մայիսի 29-հունիսի 18, 2023)

Փուլ 2․ հայտերի ուսումնասիրություն և կարճաժամկետ դասընթաց՝ Պտղի սեռի խտրական ընտրության վերաբերյալ (հունիսի 19-հունիսի 24, 2023)

Փուլ 3․  նյութերի պատրաստում՝ ըստ համաձայնեցված չափանիշների և ձևաչափի (հունիսի 25-հուլիսի 10, 2023)

Փուլ 4․ մրցույթի արդյունքների ամփոփում (հուլիսի 11-հուլիսի 15, 2023)

Ինչ են ստանում ծրագրի մասնակիցները

Ծրագրի մասնակիցներն ստանում են կարողությունները բարելավելու հնարավորություն և բովանդակային աջակցություն ՕքսԵՋեն հիմնադրամի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից ծրագրի շրջանակում, ինչպես նաև շարունակական բովանդակային աջակցություն իրենց հետագա նախաձեռնություններում՝ ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից։

Ծրագրի շրջանակում ստեղծված լրագրողական լավագույն աշխատանքները կհրապարակվեն մեր գործընկեր լրատվամիջոցների հարթակներում, որոնք ունեն մեծ լսարան, իսկ հեղինակները կստանան խրախուսական պարգևներ։

Ինչպես դիմել

Դիմելու համար անհրաժեշտ է [email protected] էլփոստի հասցեին մինչև ս․ թ․ հունիսի 18-ը՝ ժամը 23:00, ուղարկել ինքնակենսագրական (CV), ներառյալ՝ կատարված լրագրողական աշխատանքները, եթե առկա են, և Ձեր աշխատանքի նախնական կոնցեպտը, որում պետք է մանրամասն ներկայացնել, թե․

  • ինչ խնդիր եք արձանագրել, որին ուզում եք անդրադառնալ Ձեր աշխատանքով,
  • ինչ ձևաչափով եք պատրաստվում անդրադառնալ այդ խնդրին,
  • ինչու եք այդ ձևաչափը համարում ամենաարդյունավետը,
  • ինչքան ժամանակ կպահանջվի աշխատանքը կատարելու համար,
  • ինչ այլ աղբյուրներից եք օգտվելու նյութի վրա աշխատելիս։

Կոնցեպտների գնահատման չափանիշներ

Ներկայացվող կոնցեպտները պետք է հիմնված լինեն «Պտղի սեռի խտրական ընտրության տարածվածությունն ու պատճառները Հայաստանի Հանրապետությունում» հետազոտության որևէ բաղադրիչի վրա․ լրագրողը/ուսանողը ազատ է օգտվելու այլ աղբյուրներից՝ թեման համակողմանի ներկայացնելու նպատակով։

Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել ՕքսԵՋեն հիմնադրամի հաղորդակցության և արշավների պատասխանատու Նարինե Եգանյանի հետ [email protected] էլփոստի հասցեով և 091419756 հեռախոսահամարով։