Skip to main content
Լուրեր

Մարզերի բուժաշխատողները բարելավեցին հմտությունները պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության կանխարգելման նպատակով

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և Առողջապահության ազգային ինստիտուտի (ԱԱԻ) հետ ավարատեցինք «Պտղի սեռով պայմանավորված #խտրական ընտրության կանխարգելումը բուժաշխատողների վերաբերմունքի փոփոխության և խորհրդատվական հմտությունների բարելավման միջոցով» դասընթացը Հայաստանի չորս մարզերում։
🔸 Օգոստոսի 17-19-ը՝ Աշտարակում և Գավառում, իսկ 23-25-ը՝ Գյումրիում ու Մասիսում #Արագածոտնի, #Գեղարքունիքի, #Շիրակի և #Արարատի մարզերի շուրջ 60 մանկաբարձ-գինեկոլոգներ, ընտանեկան բժիշկներ և ռադիոլոգներ 3-օրյա ինտերակտիվ դասընթացի միջոցով նոր գիտելիք ու հմտություններ ձեռքբերեցին ԱԱԻ փորձագիտական խմբի կողմից ավելի վաղ մշակված և փորձարկված կրթական ձեռնարկի հիման վրա։
🔸 «Վստահաբար կարելի է ասել, որ մասնակիցներն ընկալեցին և կարևորեցին իրենց դերը պտղի սեռի խտրական ընտրությամբ պայմանավորված աբորտների կանխարգելման գործընթացում։ Նրանք պատրաստակամություն ցուցաբերեցին անմիջական մասնակցություն ունենալ սելեկտիվ աբորտների դեմ պայքարում՝ առավել արդյունավետ խորհրդատվություն տրամադրելու, ինչպես նաև համայնքային ծրագրերին իրենց աջակցության միջոցով։ Նրանք նաև իրավիճակի բարելավման իրենց առաջարկություններն արեցին»,- նշեց դասընթացի փորձագիտական խմբի ղեկավար, ԱԱԻ մանկաբուժության ամբիոնի վարիչ Կարինե Սարիբեկյանը։
🔸 Ապարանից մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Ասլանյանը, խոսոտովանելով, որ ընդհանրապես չի սիրում մասնակցել սեմինարների, նշեց․ «Սա այն բացառիկ դեպքերից է, որ ինձ հաճույք պատճառեց․ շատ ինֆորմատիվ էր, կենդանի շփում էր ընկերների հետ, պատմություններ լսեցինք, փորձով կիսվեցինք, իրարից սովորեցինք»։ Մեր հարցին՝ արդյոք պրակտիկայում հաջողվո՞ւմ է կանխել սեռով պայմանավորված հղիության ընդհատումները, նա պատասխանեց․ «Ճիշտն ասած՝ մեզ մոտ դժվար է համոզել, քանի որ հիմնականում տղամարդիկ են որոշում, բայց լինում է, որ դժվարությամբ համոզում ենք։ Ես կտրականապես չեմ անում սելեկտիվ աբորտ, բայց ցավալի է՝ իրենք գտնում են մարդ, որը անում է, եւ երբեմն բավականին մեծ ժամկետում էլ են անում»։
🔸 «Երեք օրն էլ բավականին ակտիվ քննարկումների, շփման եւ անկեղծ միջավայրում անցավ։ Ստացա բավականին արժեքավոր գիտելիքներ։ Իհարկե, մեծ մասամբ տեղյակ եմ թեմային, եւ պրակտիկայում կիրառում ենք, սակայն կային մոտեցումներ, որոնց, անկեղծ, ես էլ տեղյակ չէի։ Վստահ եմ՝ իմ պրակտիկայում կկիրառեմ եւ այս ինֆորմացիան կտարածեմ նաեւ իմ մյուս կոլեգաների շրջանում»,- ասաց Արարատի հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար Ահարոն Հովհաննիսյանը։
🔸 Այգավանի առողջության առաջնային պահպանման կենտրոնի ընտանեկան բժիշկ Հռիփսիկ Սուքիասյանը կարևորեց հատկապես օրենսդրական դաշտին վերաբերող բաժինը․ «Օրենսդրական դաշտը ինձ համար շատ բաց էր, ես տեղեկացված չէի օրենքների մասով, այժմ այդ բացը լրացվեց, որի համար շնորհակալ եմ»,- ասաց նա։
📌 Նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի հետ համագործակցությամբ՝ «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության և հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավային Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային և հարավ-հարավ նախաձեռնություններին» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է UNFPA Armenia/ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից՝ ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից. https://cutt.ly/NCevF1v
Շնորհակալ ենք Masis Youth Center Մասիսի երիտասարդական կենտրոնին, Գյումրու ծննդատուն ՓԲԸ-ին, Գավառի Քաղաքային Գրադարան-ին և Աշտարակի համայնքապետարան / Ashtarak Municipality-ին դասընթացը հյուրընկալելու համար։