Skip to main content
Լուրեր

Ներկայացվեցին Հայաստանի Հանրապետությունում պտղի սեռի խտրական ընտրության հետազոտության արդյունքները

Նոյեմբերի 7-ին շահագրգիռ կողմերի և լայն հանրության ուշադրությանը ներկայացվեցին Հայաստանի Հանրապետությունում պտղի սեռի խտրական ընտրության հետազոտության արդյունքները։ Նախ «Արմենպրես» գործակալությունում տեղի ունեցած ասուլիսում, ապա ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցած համաժողովում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՕքսԵՋեն հիմնադրամի և «Բրեվիս» հետազոտական ընկերության ներկայացուցիչներ Զարուհի Տոնոյանը, Կարեն Այվազյանը և Հասմիկ Առաքելյանը ներկայացրեցին 2022 թվականի հունիս ամսին իրականացված հետազոտության հիմնական բացահայտումները, պատասխանեցին հարցերին։ ՄԱԿ-ի գրասենյակում տեղի ունենցած համաժողովին մասնակցում էին և ողջույնի խոսք ասացին ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակապտար Լիլա Փիթրս Յահիան և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Բրունո Մոնտարիոլը, ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը։

Հայաստանի Հանրապետությունում պտղի սեռի խտրական ընտրության հետազոտության նպատակն է պարզել Հայաստանում 18-49 տարեկան՝ երբևէ հղիություն ունեցած կանանց, նրանց ընտանիքի անդամների մոտեցումները և տրամադրվածությունները երեխայի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներին։ Հետազոտությունը խնդիր ուներ գնահատելու Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները, ինչպես նաև այս ասպարեզում փոփոխությունները և միտումները վերջին 5 տարվա ընթացքում՝ անցկացնելով համամետական վերլուծություն 2017 թ.-ին իրականացված հետազոտության հետ:

Հետազոտությունն իրականացվել է քանակական և որակական մեթոդների համադրությամբ՝ կիրառելով տվյալների հավաքման 3 մեթոդ՝ փաստաթղթերի վերլուծություն, հեռախոսային հարցազրույցներ 1920 կանանց հետ և ֆոկուս խմբային քննարկումներ ոլորտում ներգրավված որոշում կայացնողների, բուժաշխատողների, փորձագետների և ամուսնացած կանանց ու տղամարդկանց մասնակցությամբ։ Համեմատական վերլուծությունը հնարավոր դարձնելու համար կիրառվել է 2017 թ.-ին անցկացված հետազոտության մեթոդաբանությունը և ընտրանքի չափը։

Հետազոտության որոշ բացահայտումներ ներկայացված են ստորև։

Երեխայի սեռի նախապատվություն (ընդհանրական տվյալներ)

Ընդհանուր առմամբ, բոլոր մարզերում հավասար նախապատվություն տվողների տեսակարար կշիռը 2017 թ․-ի համեմատ նվազել է, ավելացել են տղա կամ աղջիկ նախընտրողների բաժինները: Ընտանիքում տղաներին նախապատվություն տալիս է հարցվածների 18%-ը, իսկ աղջիկներին՝ 11%-ը, այն դեպքում երբ 2017-ին տղաների նախապատվությունը 13% էր իսկ աղջիկներինը՝ 5%:

Համաձայն 2022 թ․ հարցման արդյունքների՝ իրենց ընտանիքում երկու սեռին էլ հավասար են վերաբերվելու մասին պնդում է արել հարցվածների 70%-ը: Մինչդեռ հարցվածների ավելի փոքր մասը՝ 36%-ն է կարծում, որ իրենց շրջապատում հավասար նախապատվություն են տալիս երկու սեռին էլ։

Հավասար նախապատվության ամենացածր ցուցանիշը Գեղարքունիքում է՝ 60%: 2017 թ․ հետազոտության արդյունքներով այս ցուցանիշը 75% էր։ Ամենալավ ցուցնիշը Կոտայքինն է՝ 77%։

Հավասար նախապատվության ցուցանիշներն ուղիղ համեմատական են հարցվածների կրթական աստիճանին և եկամուտներին․ երկու սեռի երեխային էլ հավասար վերաբերվողների 75%-ը բարձրագույն և հետբուհական կրթություն ունի, դարձյալ 75%-ը՝ ավելի բարձր եկամուտ։

Աղջիկների կամ տղաների նախապատվության ցուցանիշներն ըստ մարզերի դիտարկելու դեպքում պարզ է դառնում, որ տղաներին ամենաշատը նախապատվություն են տալիս Գեղարքունիքի մարզում (այս մարզից հարցման մասնակիցների 33%-ը)։ Տավուշը միակ մարզն է, որտեղ աղջիկներին ընտանիքում նախապատվություն տվողների տեսակարար կշիռը ավելի մեծ է (17%)։ Ընդ որում, Տավուշի մարզում աղջիկների նախապատվությունը 2022 թ․ աճել է՝ 2017 թ․ տվյալների համեմատ։ Երևանում այդ ցուցանիշները հավասար են։

Առաջին հղիության ժամանակ երեխայի սեռի նախապատվություն

Առաջին հղիության ժամանակ երեխայի սեռի նախապատվության ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ ընդհանուր առմամբ, տղա երեխաների նախապատվությունը շարունակում է գերակշռող լինել աղջիկ երեխաների նկատմամբ, թեպետ առաջին հղիության ժամանակ աղջիկ երեխա ցանկացողների տեսակարար կշիռն աճել է 2017 թ․ համեմատ կանանց, թե ամուսնու/զուգընկերոջ դեպքում (10-11%)։

Առաջին երեխայի սեռի նախապատվության վերլուծությունն ըստ բնակավայրի տիպի ցույց է տալիս, որ գյուղական համայնքներում 2017-ի համեմատ աղջիկների նախապատվությունը աճել է 7%-ով նույնքանով էլ նվազել տղաների նախապատվությունը,  սակայն տղաներին նախապատվություն տվողների թիվը դեռևս ավելի մեծ է։

Մինչդեռ, մարզերի քաղաքային բնակավայրերում աղջիկների նախապատվությունը ոչ միայն աճել է, այլև գերազանցում է տղաններին նախապատվություն տվողների թվին։

Արդյունքներն ըստ մարզերի դիտարկելու դեպքում պարզ է դառնում, որ առաջին հղիության դեպքում, բոլոր մարզերում հարցվածների ամուսինները ամենաշատն են նախապատվություն տալիս տղաներին։ Հետաքրքրական է նաև, որ Լոռիում, Սյունիքում, Տավուշում, Վայոց Ձորում և Երևանում կանայք ավելի շատ նախապատվություն են տալիս աղջիկ երեխաներին։

Ինչ վերաբերում է «տարբերություն չկա» պատասխանին, ապա այդ տարբերակն ընտրած հարցվողների տեսակարար կշիռն ավելի մեծ է Տավուշում և Վայոց Ձորում՝ այլ մարզերի համեմատ։

Պատճառները

Այս կամ այն սեռին նախապատվության պատճառների անդրադառնալիս հարցվածների 91%-ը նշել է, որ ընտանիքում որդիներին նախապատվություն տալիս են, քանի որ «տոհմը շարունակում են որդիները»։ 83%-ը նշել է, որ «տղաները հայրենիքի պաշտպանն են», 67%-ը՝ «որդիները ունեցվածքի ժառանգորդներ են», 59%-ը նշել է այն մասին, որ «ծնողին ցավ է պատճառում տեսնել դստեր դժվարությունները»։

«Ամուսնանալուց հետո դուստրն այլևս քոնը չէ» տարբերակը նշած հարցվածների 75%-ը (112 հարցված) նշել է, որ «ծնողին ցավ է պատճառում տեսնել դստեր դժվարությունները», իսկ 69%-ը (102 հարցված)՝ որ «դստերն ամուսնացնելը հոգեբանորեն դժվար է»։

Այն հարցվածները, որոնց ընտանիքում նախապատվությունը տալիս են աղջիկ երեխաներին, 67% դեպքերում նշել են, որ «դուստրը միշտ պատրաստ է օգնել ծնողներին», 10% դեպքերում` որ «ընտանիքում աղջիկները քիչ են», իսկ 5% դեպքերում` որ «ընտանիքում աղջիկների հանդեպ սերը մեծ է»։

Սեռերի հարաբերակցությունն ըստ հղիության հերթականության

Առաջին հղիության արդյունքում ծնված աղջիկ և տղա երեխաների համամասնությունը հավասար է բնական մակարդակին, արդեն 2-րդ հղիության դեպքում անհամամասնությունն աճում է, այսինքն տղաների նախապատվությունը մեծանում է։ Ծնված երեխաների սեռերի ամենամեծ անհամամասնությունը 4-րդ երեխայի դեպքում է, ի տարբերություն 2017 թվականի, երբ ամենամեծ անհամամասնությունը 3-րդ երեխայի դեպքում էր։

Ըստ հղիության հերթականության արհեստական ընդհատումների միտումը ցույց է տալիս, որ 3-րդ հղիությունից հետո աճում է իգական սեռի պտղի արհեստական ընդհատումների քանակը։

***

Հետազոտության արդյունքների հիման վրա մշակվել է քաղաքականության երկու համառոտագիր․

Կրթության և առողջապահության համակարգերի դերը Հայաստանում պտղի սեռի խտրական ընտրության կանխարգելման մեջ

Մարզային և տեղական իշխանությունների դերը Հայաստանում պտղի սեռի խտրական ընտրության կանխարգելման և գործողությունների ազգային ծրագրի տեղայնացման մեջ

Հետազոտության զեկույցի ՍԵՂՄԱԳՐԻՆ կարելի է ծանոթանալ այստեղ։

Հետազոտությունն իրականացվել է «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության և հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավային Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային և հարավ-հարավ նախաձեռնություններին» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից՝ ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից: Հետազոտությունն իրականացրել է Բրեվիսը։