Նորություններ

Դիանա Աբգար

By 09/03/2020 No Comments

Աշխարհում առաջին կին դիվանագետ, հայ գրող և հրապարակախոս, հասարակական գործիչ:  

Դիանա Աբգարը (Անահիտ Աղաբեկյանը) դարձավ աշխարհում առաջին կին դեսպանը` 1920թ. հուլիսին՝ նշանակվելով Հայաստանի Առաջին հանրապետության դեսպան Ճապոնիայում և Հեռավոր Արևելքում:

Ծնվել է 1859 թվականի հոկտեմբերի 12-ին: Ընտանիքի ամենափոքր` յոթերորդ զավակն էր: Անգլերեն կրթություն է ստացել  Կալկաթայի կանանց մենաստանում: Բացի հայերենից ու անգլերենից տիրապետել է նաև պարսկերեն, հինդի, ճապոներեն ու չինարեն լեզուներին։

1890-ին ամուսնացել է առևտրական Միքայել Աբգարյանի հետ և մշտական բնակություն հաստատել Ճապոնիայում: 1906-ին, ամուսնու մահից հետո երեք երեխաների մայր Դիանա Աբգարը շարունակել է ամուսնու գործը՝ կառավարելով նրա ունեցվածքը և առևտուրը՝ կապեր հաստատելով ԱՄՆ-ի և Եվրոպայի, Չինաստանի գործարար շրջանակների հետ:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Դիանա Աբգարը հանդես էր գալիս հայ ժողովրդի մասին դասախոսություններով, թղթակցում էր «The Japan Gazette», «Թայմս», «Ֆիգարո» և այլ հայտնի լրատվամիջոցներին:

Օգնել է բազմաթիվ հայ գաղթականներին, անձամբ բանակցել է Ճապոնիայի իշխանությունների և հյուպատոսների հետ փախստական հայերի փաստաթղթերը կարգավորելու և նրանց ճանապարհորդությունը դյուրացնելու շուրջ: Նա իր առևտրական գործակալությունն օգտագործել է, որպես հայ գաղթականների դիվանագիտական առաքելության գրասենյակ, իսկ իր տունը` նրանց ժամանակավոր ապաստարան: Դեսպանի կարգավիճակը ավելի մեծ հնարավորություններ տվեց նրան  հայ փախստականների անունից հանդես գալու և նրանց օգնելու հարցում: Դիանը Աբգարը Հայոց ցեղասպանության մասին 9 գրքերի հեղինակ է:  Ամենայն Հայոց Գևորգ Ե կաթողիկոսը, ըստ արժանվույն գնահատելով Աբգարի գործունեությունը, 1926-ին արժանացրել է նրան հատուկ կոնդակի` հայ ժողովրդի շահերին ծառայելու և դժվար պահերին նրա կողքին լինելու համար:

«Տիկին Դիանա Աբգարը չի եղել հարուստ` ապրելով մի երկրում, ուր օտարների համար փակված է ամեն մի ապրուստի աղբյուր: Նա, շնորհիվ իր լեզվագիտության և մտավոր ընդունակությունների, կարողացել է ապրուստի միջոց ստեղծել և հասարակության մեջ աչքի ընկնող դիրք գրավել: Նա Հեռավոր Արևելքի տիրուհին է, ում դիմում են ամենքը»:

Էջմիածնի պատվիրակ Ռուբեն Ծ. Վրդ. Մանասյանի՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գեւորգ Ե –ին ուղղված նամակից

—————————

20րդ դարասկզբի ականավոր հայ կանանց բնօրինակ լուսանկարներին հնարավորինս մոտ գրաֆիկական պատկերները ստեղծվել են Մուղդուսյան արվեստի կենտրոնի կողմից «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ:

#Ճանչիր_քո_պատմությունը #ՀավասարՄասնակցություն #Հավասար #WomenInPolitics #UKGGFArmenia #GoodGovernanceFund #ՏԻՄ

Leave a Reply