Skip to main content
ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների - առնչվող լուրերԼուրեր

Հայտնի են «Լավագույն գործատու» մրցույթի մրցանակակիրները

2024 թ․ հունվարի 26-ին ՕքսԵՋեն hիմնադրամի և ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի հետ համատեղ «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի եւ դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների եւ սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ «Լավագույն գործատու» մրցանակաբաշխությունը։
Մրցանակաբաշխության նպատակն էր խթանել արժանապատիվ աշխատանքային միջավայրի ապահովումն ու աշխատավայրում աշխատանքային իրավունքների իրացումը։

Մրցանակաբաշխության մասնակիցներին ողջունեցին և մրցանակներ հանձնեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ, ծրագրի ղեկավար Բրունո Մոնտարիոլը, ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը, ՓՄՁ Ասոցիացիայի համահիմնադիր, խորհրդի նախագահ Հակոբ Ավագյանը։

Մրցույթին դիմել էին ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի շուրջ 200 անդամներից երեք տասնյակ կազմակերպություններ, որոնք համապատասխանում էին մրցույթի չափանիշներին։ Երկփուլ ընտրության արդյունքում, հաշվի առնելով արժանապատիվ աշխատանքային պայմաններ ապահովելու, հավասար հնարավորութուններ ստեղծելու և այլ հանգամանքներ, ընտրվել են չափանիշներին լավագույնս համապատասխանող երեք կազմակերպություններ՝ Արտադրության, Ծառայությունների մատուցման և Առևտրի ոլորտներում։

Արտադրության ոլորտում մրցանակի արժանացավ Արկոլադ ընկերությունը։
Ծառայությունների մատուցման ոլորտում՝ Քոֆֆիս ընկերությունը։
Առևտրի ոլորտում՝ Լիմա Ֆարմ ընկերությունը։

Շնորհավորում ենք մրցանակակիրներին և մաղթում նորանոր հաջողություններ՝ արժանապատիվ աշխատանքային միջավայր ստեղծելու ճանապարհին։

Ներկայացված հայտերը գնահատվել են ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի, պետական և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված հատուկ հանձնաժողովի կողմից՝ ըստ նախապես կազմված հարցաշարի՝ շեշտադրում անելով կազմակերպությունում աշխատանքային արժանապատիվ պայմանների ապահովման մեխանիզմների և ընթացակարգերի առկայության վրա։
Մրցանակ ստացած կազմակերպությունները այս նախաձեռնության շրջանակում հնարավորություն են ստանում նաև բարելավելու իրենց կարողությունները՝ արժանապատիվ աշխատանքային պայմաններ ստեղծելու հարցում՝ ստանալով համապատասխան աջակցություն։

Մրցույթն իրականացրել է ՕքսԵՋեն հիմնադրամը «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակներում՝ ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի հետ համատեղ: Ծրագիրն իրականացվում է «ՕքսԵՋեն» հիմնադրամի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ. Հայաստան»-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի և «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: