Նոյեմբերի 5-ին և 6-ին «Աշխատաշուկայում կանանց մասնակցության խթանում» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ Կանանց մասնագիտական զարգացման ցանցի երկրորդ հանդիպումը, որին մասնակցում էին ցանցին անդամագրված 20 կանայք, այդ թվում՝ խոցելի խմբերի ներկայացուցիչներ: Հանդիպման երկու օրվա ընթացքում մասնակիցները բարելավեցին աշխատանքային իրավունքների մասին իրենց գիտելիքը, աշխատանք փնտրելու, ինքնակենսագրական գրելու, արդյունավետ հաղորդակցության, թիմային աշխատանքի հմտությունները, որոնք հետագայում կկարողանան կիրառել՝ աշխատաշուկայում ավելի հաջողությամբ ներկայանալու համար:
Մասնակիցներին ողջունելով՝ Սոլիդարիթի Սենթեր հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Մարիամ Չիբուխչյանը կարևորեց դեմ առ դեմ հանդիպման հնարավորությունը (ցանցի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել առցանց): «Մեզ երկու հետաքրքիր և արդյունավետ օրեր են սպասվում, և հուսով եմ՝ կփորձեք սովորել ոչ միայն դասընթացավարներից, այլ նաև միմյանցից, կփորձենք համատեղ լուծումներ գտնել խնդիրներին»,- նշեց նա:
Կարևորելով ցանցի ստեղծմանն ու զարգացմանն ուղղված քայլերը՝ ՕքսԵՋեն հիմնադրամի ծրագրերի ղեկավար Քրիստինե Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց բոլորին մասնակցության համար։ Նա հույս հայտնեց, որ ցանցի անդամներն աշխատանքային իրավունքների մասին իրենց ստացած գիտելիքներով կիսվեն նաև այլոց հետ՝ դառնալով փոփոխության դեսպաններ, ինչը կբազմապատկի ծրագրի արդյունավետությունը:
Երկօրյա ինտերակտիվ, ներառական դասընթացի ընթացքում «Չապլին Կորպորատիվ» աճի և կրթման կենտրոնի թիմի մասնագետներ Տաթև Հովհաննիսյանի, Ասյա Այվազյանի և Թամար Փալանջյանի օգնությամբ մասնակիցները կատարեցին ինքնագնահատման, ինքնաճանաչման վարժանքներ, ծանոթացան աշխատանք փնտրելու գործիքներին և հարթակներին, սովորեցին ճիշտ ինքնակենսագրական գրել, պատրաստվել հարցազրույցի, արդյունավետ հաղորդակցվել և հաջողությամբ բանակցել։ Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի համահիմնադիր Անահիտ Սիմոնյանի և ներառականության գծով փորձագետ Մարիամ Վարդանյանի համակարգմամբ նրանք քննարկեցին աշխատաշուկայում գենդերային խտրականության, ներառականության բացի հաղթահարման խնդիրները, խոսեցին ցանցային համագործակցության, կանանց սոլիդարության կարևորության մասին։
«Դասընթացի արդյունքում ստացա նոր գիտելիք, ձեռք բերեցի հաճելի կապեր, ինձ տրվեց սերտիֆիկատ, որով կկարողանամ վարել սեմինարներ։ Ակնկալիքներս ամբողջովին արդարացված են, շնորհակալություն մեր դասընթացավարներին և կազմակերպիչներին նման հնարավորության համար»,- դասընթացի ավարտին տպավորությամբ կիսվեց մասնակիցներից Գոհար Լևոնյանը։
Նախաձեռնությունն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից Սոլիդարիթի Սենթեր հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող «Աշխատաշուկայում կանանց մասնակցության խթանում» ծրագրի շրջանակում։