Համառոտ նկարագրություն
Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանի ամենամեծ ազգային փոքրամասնության՝ եզդի համայնքի մասնակցությունը տեղական և ազգային մակարդակներում որոշումների կայացման գործընթացներում՝ հատուկ շեշտադրում կատարելով կանանց և երիտասարդների դերակատարության բարձրացման վրա։ Ծրագիրը նպաստելու է նրանց առաջնորդական հմտությունների զարգացմանը, համայնքների և պետական կառույցների միջև կառուցողական երկխոսության կայացմանը, ինչպես նաև համայնքային խնդիրների և առաջնահերթությունների առավել արդյունավետ ներկայացմանը հանրային և քաղաքական քննարկումներում՝ այսպիսով խթանելով քաղաքացիական ակտիվ մասնակցությունը: Ծրագիրը մասնակիցներին հնարավորություն կտա ազդել տեղական ու ազգային օրակարգերի վրա՝ միաժամանակ նպաստելով Հայաստանում առավել ներառական կառավարման և արձագանքող միջավայրի զարգացմանը:
Ծրագրի նպատակ
Նպաստել Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների իրացմանը՝ զարգացնելով եզդի կանանց և երիտասարդների առաջնորդական հմտությունները և խթանելով ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին ներառական և ապացուցահեն քաղաքական երկխոսությունը։
Հիմնական նպատակներ
- Ամրապնդել եզդի համայնքի անդամների՝ հատկապես կանանց և երիտասարդների իմաստալից մասնակցությունն ու առաջնորդությունը տեղական ինքնակառավարման գործընթացներում, մասնավորապես.
- Զարգացնել եզդի կանանց և երիտասարդների կարողությունները՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների, առաջնորդության, քաղաքացիական մասնակցության և գենդերային հավասարության ոլորտներում,
- Խթանել համայնքի անդամների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև կառուցվածքային և արդյունավետ երկխոսությունը,
- Բարձրացնել համայնքի անդամների վստահությունը և ներգրավվածությունը տեղական մակարդակում որոշումների կայացման գործընթացներում։
- Խթանել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ ավելի ներառական և փաստահեն քաղաքականության երկխոսությունը ազգային մակարդակում, մասնավորապես.
- Մշակել համայնքահեն առաջարկություններ ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ,
- Նպաստել ազգային փոքրամասնությունների, որոշում կայացնողների, քաղաքացիական հասարակության և փորձագետների միջև երկխոսության կայացմանը,
- Ձևավորված առաջարկությունները ներկայացնել «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի ընդունման և/կամ իրականացման մեխանիզմների վերաբերյալ քննարկումների ընթացքում։
Ակնկալվող արդյունքներ
- Դասընթացների մասնակիցների առնվազն 30%-ի մոտ (այդ թվում՝ առնվազն 60% կանայք և 30% երիտասարդներ) կա վստահության աճը՝ տեղական իշխանությունների հետ համագործակցելու և համայնքային որոշումների վրա ազդելու հարցում։
- Եզդի համայնքի առնվազն 20 ներկայացուցիչ ակտիվ դերակատարություն ունի համայնքային քննարկումներում և տեղական ինքնակառավարման մարմինների հետ փոխգործակցության գործընթացներում։
- Եզդի համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ մշակված համայնքային առաջարկությունները ներկայացվել և քննարկվել են առնվազն 7 ազգային մակարդակի քաղաքական երկխոսության հարթակներում (ԱԺ-ՔՀԿ հարթակի հանդիպումներ, թեմատիկ քննարկումներ)։
- Առնվազն 50 որոշում կայացնող և շահագրգիռ կողմեր մասնակցել են համատեղ քննարկումների ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ։
- Համայնքային առաջարկությունները մշակվել, փաստաթղթավորվել և ներկայացվել են համապատասխան որոշում կայացնողներին։
Տևողություն՝ մայիսի 1, 2026թ․– նոյեմբերի 30, 2027թ․
Ծրագրի բյուջե՝ 26,640,000 ՀՀ դրամ
Իրականացման վայր՝ ՀՀ Արագածոտնի մարզի երկու եզդիաբնակ համայնք
«Համայնքային ձայներից դեպի ազգային քաղաքականություն» ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է «ՕքսԵՋեն» հիմնադրամի կողմից՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն» (ԿԱՆՔ) ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ), «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից: Այն նպատակ ունի ամրապնդել քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում՝ որպես դիմակայուն, անկախ և վստահելի գործոն ժողովրդավարական կառավարման, քաղաքականությունների մշակման և համայնքային հզորացման գործում:
