Համառոտ նկարագրություն
Ծրագրի նպատակն է ամրապնդել կանանց, երիտասարդների և տեղական քաղաքացիական հասարակության դերակատարների մասնակցությունն ու ազդեցությունը գենդերազգայուն բնապահպանական և կլիմայական կառավարման գործընթացներում՝ Տավուշի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում։ Ծրագրի շրջանակում իրականացվելու է կլիմայի փոփոխության գենդերային ազդեցության վերլուծություն, համայնքային կարողությունների զարգացում, կանանց և երիտասարդների կողմից ղեկավարվող նախաձեռնությունների իրականացում, ինչպես նաև որոշում կայացնողների հետ երկխոսության հանդիպումների կազմակերպում՝ այսպիսով լրացնելով ազգային մակարդակում գործող գենդերային և կլիմայական քաղաքականությունների և համայնքային մակարդակում իրականացվող գործողությունների միջև բացը: Ծրագիրը կստեղծի հնարավորություններ թերներկայացված խմբերի համար՝ մասնակցելու բնապահպանական որոշումների կայացմանը և ձևավորելու այնպիսի լուծումներ, որոնք անմիջականորեն ազդում են նրանց կենսապայմանների և համայնքների կայուն զարգացման վրա։
Ծրագրի նպատակը
Խթանել կանանց, երիտասարդների և տեղական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունն ու ազդեցությունը՝ Հայաստանում ավելի ներառական, արձագանքող և կայուն բնապահպանական և կլիմայական գործողությունների իրականացման գործում։
Հիմնական նպատակներ
- Բարձրացնել կանանց, երիտասարդների և տեղական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների գիտելիքները, կարողությունները և գենդերազգայուն կլիմայական ու բնապահպանական կառավարման գործընթացներում ներգրավվելու հնարավորությունները։
- Աջակցել կանանց և երիտասարդների կողմից առաջնորդվող տեղական նախաձեռնությունների և շահերի պաշտպանության գործողությունների իրականացմանը՝ հանուն առավել ներառական կլիմայական և բնապահպանական կառավարման տեղական մակարդակում։
Հիմնական գործողություններ
- Իրականացնել գենդերային և կլիմայի հարմարվողականության վերաբերյալ հետազոտություն՝ բացահայտելու տեղական խոցելիությունները և ձևավորելու փաստահեն առաջարկություններ։
- Կազմակերպել դասընթացավարների վերապատրաստման դասընթաց 25 մասնակցի համար՝ գենդերազգայուն կլիմայական գործողությունների, կենսաբազմազանության և շահերի պաշտպանության թեմաներով։
- Աջակցել վերապատրաստված մասնակիցներին՝ իրականացնելու 6 համայնքային իրազեկման միջոցառում։
- Իրականացնել կարողությունների զարգացման 9 դասընթաց կանանց, երիտասարդների և ՔՀԿ-ների համար՝ կլիմայի հարմարվողականության, կառավարման և շահերի պաշտպանության թեմաներով։
- Իրականացնել սոցիալական մեդիայի իրազեկման արշավ՝ բարձրացնելու հանրային ընկալումը գենդերային և կլիմայական խնդիրների վերաբերյալ։
- Աջակցել և մենթորություն տրամադրել կանանց և երիտասարդների կողմից իրականացվող 3 համայնքային բնապահպանական նախաձեռնությունների՝ հատկապես ազգային պարկերին հարակից բնակավայրերում։
- Կազմակերպել ազգային միջոցառում՝ ընդգծելու կանանց օրինակելի դերակատարությունն ու առաջնորդությունը բնապահպանական և կլիմայական գործողություններում։
- Կազմակերպել Կենսաբազմազանության կողմերի 17-րդ համաժողովին (COP17) առնչվող թեմատիկ միջոցառում՝ համայնքային փորձն ազգային և միջազգային օրակարգերում ներկայացնելու նպատակով։
- Իրականացնել երկխոսության հանդիպումներ պետական կառույցների, ՔՀԿ-ների և այլ դերակատարների մասնակցությամբ՝ ծրագրի առաջարկությունները ներկայացնելու և ջատագովության նպատակով։
- Մշակել և տարածել ծրագրի վերջնական առաջարկությունների և քաղված դասերի ամփոփ փաթեթ։
Տևողություն՝ հունիսի 1, 2026թ․ – դեկտեմբերի 31, 2026թ․
Ծրագրի բյուջե՝ 922,000 շվեդական կրոն
Իրականացման վայր՝ ՀՀ Շիրակի, Գեղարքունիքի և Տավուշի մարզեր։
Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ Լեֆթ Ինթերնեյշնլ Ֆորումի հետ համագործակցությամբ՝ Շվեդիայի զարգացման աջակցության ֆինանսավորմամբ:
