Skip to main content
Լուրեր

«Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիա» ծրագրի պաշտոնական մեկնարկը տրված է

2024 թ․ մարտի 15-ին Երևանում տրվեց «Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիա» ծրագրի պաշտոնական մեկնարկը։ Ծրագիրն իրականանցվում է Նիդերլանդների բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտի հետ համագործակցությամբ և ֆինանսավորվում է Նիդերլանդների կառավարության կողմից։ Ծրագրի նպատակն է՝ ձևավորել քաղաքական ձգտումներ ունեցող երիտասարդների նոր սերունդ՝ զինված  անհրաժեշտ գիտելիքով ու հմտություններով, որոնք ունեն արդյունավետ առաջնորդ դառնալու և Հայաստանում ժողովրդավարության ու քաղաքացիական ներգրավման ջատագով լինելու մոտեցումներ՝ նպաստելու ժողովրդավարության, մասնակցայնության և առաջնորդության մշակույթի ձևավորմանը։

Պաշտոնական բացման միջոցառման ընթացքում ներկայացվեցին ծրագրի հիմնական նպատակները, բաղադրիչները, ակնկալվող արդյունքները և համագործակցության հնարավորությունները: Իսկ «Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիայի» մասնակիցները պանելային քննարկմամբ անդրադարձան երիտասարդների համար երկխոսության հարթակների դերին՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման համատեքստում։ 

Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների, երիտասարդական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, քաղաքականություն մշակողներ, որոշում կայացնողներ, երիտասարդներ, հետազոտողներ և ոլորտին առնչվող այլ փորձագետներ։

Բացման խոսքում ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը նախ շնորհակալություն հայտնեց Նիդերլանդների կառավարությանը այս կարևոր ու անհրաժեշտ ծրագրի ֆինանսավորման համար, ապա նշեց, որ «Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիա» ծրագիրը ՕքսԵՋեն հիմնադրամի գործունեության կարևոր ուղղություներից մեկի՝ երիտասարդության իրավազորման մաս է կազմում։

«Կարևոր է, որ այն ներուժը, որ ունի երիտասարդությունը քաղաքականության, քաղաքացիական ակտիվության և առաջնորդության ոլորտում, կարողանա իրագործել։ Այս ծրագիրը հենց դրա համար է»,-իր խոսքում նշեց Մարգարիտա Հակոբյանը։

Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար դեսպան Յապ Ֆրեդերիքսը ողջունեց ներկաներին և հույս հայտնեց, որ Ակադեմիան կարևոր դեր կխաղա Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման հարցում։ «Հուսով ենք, որ այս ակադեմիան կդառնա նաև հարթակ, որտեղ հանդիպում են տարբեր փորձառությամբ մարդիկ և հնարավորություն են ունենում համադրելու մեկը մյուսի փորձառությունը, հասկանալու և սովորեցնելու միմյանց և միասին առաջ շարժվելու»,- նշեց պարոն դեսպանը։

Նիդերլանդների բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտի գործադիր տնօրեն Տաիս Բերմանը նախ ողջունեց ներկաներին, ապա անդրադարձավ Նիդերլանդների բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտի գործունեությանը և այս նախաձեռնության նախապատմությանը։

«Դուք եք, որ հաղթահարելու եք երկրում խորը բևեռացումը, որովհետև դուք հանձնառություն եք վերցրել հարգելու միմյանց, լսելու միմյանց և տեսնելու՝ ինչ լուծումներ կան, որ կարող են կամրջել անջրպետները, հաղթահարել դրանք և զարգացնել երկիրը»,-իր խոսքում նշեց պարոն Բերմանը։

Ներկաներին ողջունեց նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարիտիրոսյանը և նշեց․ «ժողովրդավարության կենսունակությունը ենթադրում է ակտիվ քաղաքացիության շարունակական գործադրում քաղաքացիների կողմից։ Եվ դա հնարավոր է, եթե երիտասարդներն ունենան համապատասխան հմտություններ ու գիտելիք, ինչին էլ միտված է «Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիա» ծրագիրը»։

ՕքսԵՋեն հիմնադրամի ծրագրերի ղեկավար Կարեն Այվազյանը իր խոսքն այսպես սկսեց․ «Հիմա եթե հարցնենք Ակադեմիան ինչի մասին է, ես կասեմ՝ ակադեմիան ներկայի մասին է», ապա մանրամասներ ներկայացրեց Ակադեմիան․ անդրադարձավ Ակադեմիայի նպատակներին ու բաղադրիչներին, ընթացիկ արդյունքներին, ներգրավված դասընթացավարներին, ինչպես նաև մինչ Ակադեմիայի մեկնարկը կատարված նախապատրաստական աշխատանքներին։ 

Հաջորդիվ «Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիայի» մասնակիցներ Անի Մխիթարյանը, Արթուր Սիմոնյանը, Իսկուհի Միրզոյանը և Հրանտ Սարկիսովը պանելային քննարկմամբ անդրադարձան երիտասարդների համար երկխոսության հարթակների դերին՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման համատեքստում՝ ք․գ․թ․ Վալենտինա Գևորգյանի համակարգմամբ։

Եզրափակիչ դիտարկումներ ներկայացրին Նիդերլանդների բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտի գործադիր տնօրեն Տաիս Բերմանը և ինստիտուտի հայաստանյան ներկայացուցիչ Արմեն Սահակյանը, վերջինս հատուկ շեշտեց, որ պանելային քննարկման խոսնակներին ևս ընտրել էին Ակադեմիայի մասնակիցները։ 

Կարծիքներ հայտնեցին և պանելային քննարկման մասնակիցներին հարցեր ուղղեցին նաև միջոցառման մասնակիցները։

Նշենք, որ Ակադեմիան ընթացքի մեջ է փետրվարի 3-ից, այս ընթացքում, բացի դասընթացներից, մասնակիցները հնարավորություն են ունեցել նաև բանավեճ ունենալու և լսելու մի շարք հրավիրյալ խոսնակների՝ ժողովրդավարությանն առնչվող թեմաների շուրջ։