Skip to main content
Լուրեր

Որոնք են Արցախից բռնի տեղահանվածների սոցիալական ներառման մարտահրավերներն ու լուծումները․ երկխոսության հանդիպում Չարենցավանում

2023 թ․ հոկտեմբերի 23-ին Չարենցավանում տեղի ունեցավ «Արցախից բռնի տեղահանվածների սոցիալական ներառում» թեմայով երկխոսության հանդիպում 2020 և 2023 թթ. Արցախից բռնի տեղահանված կանանց և տղամարդկանց մասնակցությամբ։

Սա ՕքսԵՋեն հիմնադրամի՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակում հերթական երկխոսության հանդիպումն էր, նախորդը՝ հուլիսին էր Գյումրիում։ 

Հանդիման նպատակն էր՝

  • բացահայտել և գնահատել Արցախից բռնի տեղահանված բնակչության, մասնավորապես կանանց ներառման և սոցիալական համախմբման կարիքներն ու հեռանկարները՝ հաշվի առնելով պատերազմի ազդեցությունը, 
  • ուսումնասիրել հյուրընկալող համայնքներում ներառման հեռանկարները և մարտահրավերները, 
  • վերլուծել քաղաքականություններն ու գործելակերպերը, որոնք խոչընդոտում կամ նպաստում են սոցիալական ներառմանը, 
  • հավաքագրել տեղում ի հայտ եկող մարտահրավերներն ու դրանց հաղթահարմանն ուղղված առաջարկությունները։

Սրա հիման վրա կստեղծվի սոցիալական ներառման և սոցիալական համախմբվածության ռազմավարական ճանապարհային քարտեզ`ազգային և տեղական մակարդակում գործողությունները պլանավորելու և որոշում կայացնողների հետ հաղորդակցելու համար։

ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը ներկայացրեց «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագիրը, անդրադարձ կատարեց երկոսության նախորդ հանդիպումներին։ Ապա ներկայացրեց Չարենցավանում հանդիպման նպատակը և հետագա քայլերը։

Հոկտեմբերի 30-ին նույն թեմայով առցանց հանդիպում ունեցանք Հայաստանի տարբեր մարզերի ՏԻՄ-երի, մարզպետարանների եւ համայնքապետարանների ներկայացուցիչների հետ

Երկխոսության հանդիպումների շրջանակում ներկայացված խնդիրներն ու առաջարկները կամփոփվեն քաղաքականության համառոտագրերում ու կներկայացվեն որոշում կայացնողներին։ 

«Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։

Նյութը պատրաստվել է Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը։ Նյութում արտահայտված կարծիքները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ արտացոլեն ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տեսակետները։