Skip to main content
ArticlesԿանանց մասնակցության խթանում անվտանգության և խաղաղության գործընթացներում – առնչվող հոդվածներ

«Այսօր բոլորս մի բուռ ենք և, որքան հնարավոր է, պետք է միասնական լինենք»․ Նարե Ղազարյան

Կապան համայնքի սահմանամերձ Շիկահող գյուղական բնակավայրի նախկին վարչական ղեկավար Նարե Ղազարյանն այժմ Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնն է զբաղեցնում։ Նոր պաշտոնը՝ որպես կարիերային ձեռքբերում, չի դիտարկում, ասում է՝ եթե համարում ենք, որ ցանկացած պաշտոնյա մեր երկրի ծառան է, ապա այսօր ընդամենը ծառայությանս ծավալն է ավելի մեծացել…

«Այս նոր պաշտոնն ինձ համար լծակ է, որի օգնությամբ մարդկանց կյանքի որակը փոխելու ավելի լայն հնարավորություններ ունեմ։ Նախկին աշխատանքից ծանոթ եմ գյուղերի խնդիրներին և այժմ նաև գյուղոլորտն եմ համակարգում, պատասխանատու եմ ոչ միայն մեկ գյուղի, այլև 7 համայնքի 139 գյուղի բնակիչների առաջ», – նշում է նա՝ իր նոր իրավասությունների մասին խոսելիս։

– Ինչպիսի՞ն է այսօր իրավիճակը մարզում՝ հաշվի առնելով սահմանային խնդիրները, և էլ ո՞ր ոլորտներն եք Դուք համակարգում։

– Ստեղծված իրավիճակում Սյունիքում մարզային իշխանությունների պատասխանատվության աստիճանը, բնականաբար, ավելի է մեծացել․ եթե նախկինում համայնքների զարգացման, մարդկանց առօրյայի, աշխատանքով ապահովված լինելու շուրջ էինք մտածում, այսօր բազմաթիվ խնդիրների մեջ թիվ մեկ խնդիրն անվտանգությունն է, և դրա համատեքստում նաև առողջապահական ծառայությունների հասանելիությունը, հատկապես՝ սահմանամերձ գյուղերում։ Փորձում ենք հնարավորինն անել, որ սահմանամերձ գյուղերում ապրող մարդիկ իրենց միայնակ ու անտեսված չզգան, որ կարողանանք մեղմել տեղի ունեցած փոփոխությունների ազդեցությունն իրենց կյանքի վրա։ Դրա հետ մեկտեղ վստահ կարող եմ ասել, որ մեր սահմանապահ բնակավայրերում գյուղացիներն էլ բավական համառ կամքի տեր մարդիկ են, ամուր կանգնած իրենց հողի վրա և երբեք չեն լքի իրենց գյուղը։ Իսկ դա ամենակարևորն է։ Մենք էլ թե՛ նյութական աջակցության ծրագրերով, թե՛ հոգեբանական աջակցությամբ, այդ թվում՝ մեր հաճախակի այցերով, նպաստում ենք դրան։ Երբ գյուղեր ենք գնում, հատկապես՝ մեծ խմբով, մարդիկ ոգևորվում են, ու մենք զգում ենք և՛ այդ ոգևորվածությունը, և՛ մեր այցի կարևորությունն իրենց համար։ Մի խոսքով, այսօր բոլորս մի բուռ ենք և, որքան հնարավոր է՝ պետք է միասնական լինենք։

– Շիկահողում պաշտոնավարեցիք 5 տարի որո՞նք են այդ տարիների ձեռքբերումներն ու հիշողությունները։

– Հիշողությունները շատ են, իսկ ձեռքբերումներից կառանձնացնեմ մեկը, որը շատ եմ կարևորում․ Շիկահողի կարի արտադրամասի հիմնումը, որով լուծվեց գյուղի կանանց մեծ մասի զբաղվածության հարցը։ Այսօր էլ արտադրամասը գործում է, փորձելու ենք ընդլայնել ծավալները և հնարավորությունները, որպեսզի շրջակա մյուս գյուղերը ևս կարողանան միանալ, ու այնտեղից էլ ունենանք աշխատակիցներ։

– Եթե չեմ սխալվում, Դուք շարունակում եք Շիկահողում ապրել և ամեն օր հենց այնտեղից հասնել մարզպետարան՝ անտեսելով ճանապարհի երկարությունն ու դժվարությունը և այդկերպ պահելով կապը գյուղի բնակիչների հետ, որոնց հետ միասին եք դիմակայել ու դժվարին օրեր ապրել։

– Այո՛, ոչ մի կերպ չեմ կարողանում կտրվել իմ գյուղից, իմ հարազատ օջախից ու հայրենի հողից և կարծում եմ, որ իմ ամենօրյա գնալ-գալը նաև համագյուղացիներիս է ուժ տալիս, որ ոչինչ չի փոխվել, և մենք միասին ենք կանգնելու բոլոր դժվարությունների առջև։

– Պարբերաբար Գորիս եք մեկնում, այցելում Սյունիքում ապաստանած արցախցիներին։ Ի՞նչ չափով է հաջողվում օգնության ձեռք մեկնել մարդկանց՝ հատկապես վերջին դեպքերի համատեքստում՝ Լաչինի միջանցքի փակվելուց հետո։

– Դեկտեմբերի 12-ից սկսած փորձել ենք անել ամեն հնարավորը Սյունիքում ապաստանած արցախցիների համար, և իրականում դա մեզ հաջողվել է։ Այսպես վստահորեն եմ ասում, քանի որ հենց իրենցից եմ դրական արձագանքներ լսել, և մարդիկ, որոնք Աստծո հաջողությամբ կարողացել են վերադառնալ հայրենի օջախ, զանգում ու այնտեղից ևս շնորհակալություն են հայտնում, մեզ էլ հրավիրում իրենց մոտ հյուրընկալվելու։ Ցավոք, այս մղձավանջային գործընթացները դեռ չեն ավարտվել, շարունակում ենք անցնել այս փուլով, ու դեռ դպրոցներում Արցախից աշակերտներ ունենք։ Ամեն ինչ անում ենք, որ լինենք Արցախի մեր քույր-եղբայրների կողքին, ու մարդիկ զգան՝ մենք միշտ կանգնած ենք իրենց թիկունքին։

– Արտակարգ իրավիճակներում կանանց դերին անդրադառնալով՝ ի՞նչ փոփոխություններ եք տեսնում մարզում, ինչպե՞ս կգնահատեք մարզի կանանց ներգրավվածությունը պատերազմի հետևանքների հաղթահարման և անվտանգության խնդիրների լուծման գործընթացներում։

– Կանանց դերն ու ազդեցությունը տեսնում եմ հակամարտության բոլոր փուլերում և, առաջին հերթին, մինչև արտակարգ իրավիճակ ստեղծվելը։ Դրա հետ մեկտեղ, իմ սուբյեկտիվ կարծիքով, ժամանակն է, որ հայ կինը նույնպես զենքը ձեռքին կանգնի իր ամուսնու, ծնողի կողքին և պաշտպանի հայրենիքի սահմանները։ Չէ՞ որ հողը կին-տղամարդ չի ճանաչում, սերն առ հայրենիք սեռով չի պայմանավորված, այդ պարտքը մեզ էլ է տրված։ Եթե մենք պատերազմական պայմաններում գտնվող մեր երկրում կարողանանք հասնել գիտակցության նման բարձր մակարդակի՝ կհաջողենք, ռազմական դրության ժամանակ ոչ միայն քաղաքներն ու գյուղերը լքողներ չեն լինի, այլև՝ կանայք էլ գիտակցաբար կկանգնեն իրենց ընտանիքների տղամարդկանց կողքին և զենքով կպահեն իրենց հողն ու տունը։

– Հայտնի է, որ Դուք զենքը ձեռքին Շիկահողի ինքնապաշտպանությանն էիք մասնակցում. ինչպե՞ս էին համագյուղացիները և հատկապես տղամարդիկ արձագանքում:

– (Ծիծաղում է) Երբ կազմակերպում էինք գյուղի ինքնապաշտպանությունը, զգում էի, որ իմ մասնակցությունը ոգևորում է համագյուղացիներիս ու նաև տղամարդկանց, որոնք ավելի պարտավորված էին զգում, որ պետք է զենք վերցնեն և պաշտպանեն իրենց հողը։

– Որպես երիտասարդ, բայց արդեն իսկ դժվար իրավիճակներում բավականաչափ թրծված ու փորձառու կին ղեկավար՝ ի՞նչ եք մաղթում մեր երկրի ու մարզի կանանց։

– Ուժեղ կին ղեկավար եմ, թե ոչ՝ ավելի ճիշտ կասեն ինձ շրջապատող մարդիկ․ անկեղծ ասած, ինքս երբևէ այդ մասին չեմ մտածել։ Ապրել եմ իմ առօրյա կյանքով ու գործով, բայց և բավականին մեծ դժվարությունների միջով եմ անցել, իսկ, պայմանավորված ստեղծված իրավիճակով, կարծում եմ,  դժվարություններ դեռ էլի կլինեն։ Երկրիս կանանց մաղթում եմ ուժ ու գիտակցված վճռականություն, որը թույլ կտա թև ու թիկունք լինել իրենց ամուսիններին, ծնողներին, եղբայրներին, լինել միասնական՝ հանուն երկրի խաղաղության։

Զրուցեց Մարգարիտա Մանուկյանը